ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ի եւ Իրանի ռազմական դիմակայութիւնը թեւակոխում է նոր փուլ

Գիշերային հարւածներ, պայթիւններ Իրանի մի շարք քաղաքներում եւ լարւածութիւն ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանում:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) յայտարարեց, որ սկսել է Իրանի դէմ օդային հարւածների նոր փուլը՝ նշելով, որ գործողութիւնները շարունակւում են արդէն իններորդ գիշերը։ Դրան զուգահեռ Իրանի տարբեր շրջաններից հաղորդւեցին պայթիւնների, հակաօդային պաշտպանութեան աշխատանքի եւ ենթակառուցւածքների թիրախաւորման մասին տեղեկութիւններ։

Տեղական աղբիւրների համաձայն՝ պայթիւնների ձայներ են լսւել Թաւրիզում, Չաբահարում, Քոնարաքում, Մահշահրում, Իմամ Խոմէյնի նաւահանգստում, Ջասքում եւ Բուշեհրի Դաշտի շրջանում։ Իրանական լրատւամիջոցները նաեւ հաղորդեցին, որ երկրի հարաւում հակաօդային պաշտպանութիւնը խոցել է թշնամական անօդաչու սարք, իսկ Խորմուջ քաղաքում արձանագրւել է էլեկտրամատակարարման խափանում։

Միաժամանակ լարւածութիւնը տարածւել է ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջան։ Հաղորդումներ են շրջանառւել Քուվէյթի «Ալի Սալեմ» ռազմակայանի հնարաւոր թիրախաւորման, Արաբական Միացեալ Էմիրութիւնների Ռաս ալ-Խայմայի շրջանում պայթիւնների, Օմանի ափերի մօտ նաւի թիրախաւորման եւ ԱՄԷ-ի ափամերձ ջրերում նաւերի ուղղութեամբ հրթիռների արձակման մասին, սակայն այս տեղեկութիւնների զգալի մասը դեռեւս պաշտօնական հաստատում չի ստացել։

Այս զարգացումների ֆոնին ԱՄՆ-ի դեսպանատունը Բահրէյնում անվտանգութեան զգուշացում է հրապարակել՝ իր քաղաքացիներին կոչ անելով պահպանել զգօնութիւնը եւ հետեւել տեղական իշխանութիւնների ցուցումներին։

Ընդհանուր պատկերը վկայում է, որ ռազմական գործողութիւններն աստիճանաբար ընդլայնւում են Իրանի սահմաններից դուրս՝ ընդգրկելով Պարսից ծոցի ռազմավարական գօտին, մինչդեռ հակամարտութեան ընթացքի վերաբերեալ տեղեկութիւնների զգալի մասը շարունակում է հիմնւել պատերազմող կողմերի եւ տեղական աղբիւրների հրապարակումների վրայ։

Related Articles

Back to top button