«ՖԱՐՍ». The New York Times-ը բացայայտել է Թրամփի՝ Իրանի դէմ յարձակումների դադարեցման պատճառները

«ՖԱՐՍ» լրատւական գործակալութիւնը, յղում անելով The New York Times-ին հաղորդում է, որ Պենտագոնը վերջին օրերին քննարկել է Իրանի դէմ գործողութիւնների մի քանի տարբերակ, այդ թւում՝ առափնեայ ռադարների, հականաւային հրթիռային համակարգերի, ինչպէս նաեւ էներգետիկ եւ միջուկային ենթակառուցւածքների թիրախաւորումը։ Քննարկւած թիրախների շարքում նշւել է նաեւ «Քուհ-Քոլանգ» համալիրի վրայ հնարաւոր հարւած հասցնելու տարբերակը, սակայն ի վերջոյ չի իրականացւել։
Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ հրաժարւել է Իրանի դէմ ռազմական գործողութիւնների ընդլայնման ծրագրից։ Ըստ հրապարակման՝ որոշման հիմնական պատճառներից մէկը հակաօդային պաշտպանութեան «Patriot» հրթիռների եւ այլ պաշտպանական զինամթերքի պաշարների նւազումն է։
Թերթի տեղեկութիւններով՝ Թրամփը, չնայած հրապարակային կոշտ յայտարարութիւններին, Սպիտակ տանը կայացած խորհրդակցութիւնից յետոյ ժամանակաւորապէս յետքայլ է արել ռազմական սրման ծրագրերից։
Ամերիկացի պաշտօնեաների գնահատմամբ՝ Իրանի դէմ նոր լայնածաւալ գործողութիւնները կարող են ոչ միայն սպառել ԱՄՆ-ի պաշտպանական պաշարները, այլեւ խորացնել տարածաշրջանային հակամարտութիւնը՝ մեծացնելով անվտանգային եւ տնտեսական ռիսկերը։ Ըստ նոյն աղբիւրի՝ Սպիտակ տանը նաեւ արձանագրել են, որ վերջին հարւածները չեն ստիպել Իրանին փոխել իր դիրքորոշումը, այլ ընդհակառակը՝ աւելի են համախմբել երկրի ղեկավարութիւնն ու հասարակութիւնը։



