Իրանի եւ Հայաստանի միջեւ փոստային այլընտրանքային ուղի է գործարկւելու

Թեհրանը, օդային փոխադրումների սահմանափակումների պայմաններում, Թուրքիայի եւ Պակիստանի հետ քննարկումների փոխարէն նախընտրել է Հայաստանի միջոցով առաքումների տարբերակը։ Առաջին փոստային խմբաքանակն արդէն ուղարկւել է Հայաստան։
Երկու երկրների միջեւ փոստային համագործակցութեան յուշագրի՝ 2025 թւականի յունիսին (ԻՌՆԱ-ի նոյն թւականով թւագրւած լուրի համաձայն) ստորագրումից ընդամէնը մի քանի ամիս անց համաձայնութիւնն արդէն գործադրւում է․ առաջին փոստային խմբաքանակն ուղարկւել է մէկ շաբաթ առաջ։
Ահմադիի խօսքով Հայաստանի միջոցով ընտրւած երթուղին համադրում է ցամաքային եւ օդային փոխադրումները, իսկ Թուրքիայի տարածքով եւս կը շարունակւեն իրականացւել ցամաքային առաքումներ։
Յիշեցնենք, որ Իրանի ազգային փոստի ընկերութեան տնօրէնի եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Յակոբեանի հանդիպման ընթացքում քննարկւել էին երկու երկրների միջեւ փոստային համագործակցութեան յուշագրի գործադրումն արագացնելու, լոգիստիկ ենթակառուցւածքները զարգացնելու եւ առաքումների փոխանակումն ընդլայնելու հարցերը։
Նշելի է, որ Հայաստանի միջոցով այլընտրանքային երթուղու գործարկումը կարեւոր է ոչ միայն երկու երկրների միջեւ առեւտրային կապերի, այլեւ մարդկանց անմիջական հաղորդակցութեան տեսանկիւնից։ Եթէ նոր ուղին դառնայ կայուն եւ հասանելի ծառայութիւն, այն կարող է նոր հնարաւորութիւններ բացել նաեւ Իրանի հայ համայնքի համար՝ Հայաստան նամակներ եւ կապոցներ ուղարկելու ու ստանալու, հարազատների հետ կապն աւելի դիւրին պահպանելու եւ Արաքսի երկու ափերի միջեւ առօրեայ կապերն ամրապնդելու առումով։
2025 թւականի ամռանն ստորագրւած յուշագիրը ենթադրում էր երկու երկրների տնտեսական, առեւտրային եւ հասարակական կապերի զարգացում։ Հանդիպմանը կողմերի ուշադրութեան կենտրոնում է եղել փոստային առաքումների բաշխման գործընթացի բարելաւումը, էլեկտրոնային փոխանակումների դիւրացումը, տրանսպորտային ծախսերի եւ ցամաքային փոխադրումների սակագների նւազեցումը, ինչպէս նաեւ փոստային ոլորտում փորձի փոխանակումը։



