ԹեհրանՏնտեսական

Իրանի սուրճի ներմուծման եւ արտադրութեան եղանակներին նւիրւած ցուցահանդէս՝ Թեհրանում

«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 15-ին նմանը չունեցող հանրայայտ «Իրան Մոլ» առեւտրի կենտրոնում բացառիկ ցուցահանդէսի պաշտօնական բացումը յայտարարեց Իրանի Սուրճի ասոցիացիան, որը համախմբել եւ ակտիւ գործունէութիւն է ծաւալում սուրճ արտադրող եւ այդ գործում անհրաժեշտ իրեղէնների վաճառքով զբաղւող անհատ ձեռներէցների հետ:

Բացումը կատարւեց Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ Արա Շահվերդեանի, Ռոբերտ Բեգլարեանի, եւ խորհրդարանում Թեհրան քաղաքի պատգամաւորների ու Սննդամթերքի եւ դեղորայքի անվտանգութեան տեսչական մարմնի ղեկավարի միջոցով: Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին Իրանում հաւատարմագրւած օտարերկրեայ դեսպանատների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ որոնք հիմնականում սուրճ աճեցնող երկրներն էին ներկայացնում՝ Քենիա, Ուգանդա, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա:

Ցուցադրութիւնը նշանաւորում է եւս մի հանգամանքով՝ իրենց արտադրանքն էին ներկայացրել եւ ցուցադրութեան էին դրել ներմուծող եւ բովարաններ արտադրող ձեռներէցներ, գործիքների տեսականի, որը իր տեսակի մէջ հետաքրքիր մշակոյթ է ներկայացնում:

Ցուցահանդէսի բացման արարողութիւնից յետոյ ներկաները շրջեցին տարածքում, հետաքրքրութեամբ ուսումնասիրելով տաղաւարներում ներկայացւած արտադրանքները եւ տեսականին:

54 մասնակիցների թւում «Սէթ» սուրճի արտադրութիւնը իր ներկայացրած տաղաւարով ուշագրաւ տեղ էր զբաղեցնում եւ յաւելենք, որ միակ հայ սուրճ արտադրող ներկայացուցիչն էր ցուցահանդէսում:

Կարեւորութեամբ նշենք, որ կազմակերպչական այս դժւարին գործում իր մեծ ներդրումն է ունեցել սուրճի արտադրման եւ վաճառքի մասնագէտ, Ասոցիացիայի անդամ գործարար դոկտ. Արտեմ Շահբաբեանը:

Ցուցահանդէսը գործելու է մինչեւ նոյեմբերի 19-ը:

Related Articles

Back to top button