Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում նաւթավերամշակման գործարանի կառուցմանը եւ ընդլայնել էներգետիկ առեւտուրը

Իրանի նաւթի նախարարի պաշտօնակատարը յայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում նաւթավերամշակման գործարանի կառուցմանը, իրականացնել էներգետիկ խոշոր ծրագրեր, ինչպէս նաեւ աւելացնել գազի եւ նաւթամթերքի արտահանումը Հայաստան։
Parstoday.ir-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը Իրանի նաւթի նախարարի պաշտօնակատար Համիդ Բովարդը, Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Դաւիթ Խուդաթեանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի էներգետիկ ծրագրերի իրականացման համար ներդնել իր տեխնիկական եւ ինժեներական ներուժը։
Անդրադառնալով Հայաստանում նաւթավերամշակման գործարանի կառուցման գործում իրանական մասնաւոր հատւածի մասնակցութեան վերաբերեալ կայացած բանակցութիւններին՝ նա յայտնել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել գազի առեւտրի նոր ուղիներ, ինչպէս նաեւ Հայաստան հեղուկացւած գազի (LPG) անսահմանափակ արտահանման հնարաւորութիւնը։
Բովարդը նաեւ կարեւորել է Նաւթի կենսաթոշակային հիմնադրամի ենթակայութեամբ գործող ընկերութիւնների ներուժի օգտագործումը եւ երկու կողմերի առաջարկների քննարկումը համատեղ աշխատանքային խմբի շրջանակում։
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարն իր հերթին ողջունել է համագործակցութեան ընդլայնումը՝ յայտարարելով, որ Երեւանը շահագրգռւած է Իրանի հետ գազի եւ նաւթամթերքի առեւտրի զարգացմամբ եւ պատրաստ է էներգետիկ ծրագրերում համագործակցել իրանական մասնաւոր հատւածի հետ։
Երկու երկրները նախկինում եւս համագործակցել են գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման՝ մեխանիզմի շրջանակում։



