ԹեհրանՀամայնք

Հանդիսաւոր Ս. Պատարագ «Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման» եւ Ս. Աստւածածին եկեղեցու Անւանակոչութեան տօնի առիթով

Նոյեմբերի 21-ին տօնն էր «Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման» եւ տօնն էր նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան:

Այդ առիթով, հովանաւորութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, հինգշաբթի եւ ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին եւ 20-ին, Ս. Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:

Արարողութեանը ներկայ էին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ՝ Արթին Անտոնը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։

Սուրբ եւ Անմահ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։

Տօնի խորհուրդը կապւած է Ս. Մարիամ Աստւածածնի՝ երեք տարեկան հասակում ծնողների կողմից տաճարին ընծայւելու աւանդութեան հետ։ Մարիամի ծնողները ուխտել էին իրենց զաւակին ընծայել Տիրոջը։ Երբ լրացաւ Մարիամի առաջին տարին, ծնողները նրան նւէրներով հանդերձ տարան տաճար՝ Աստծուն ընծայելու։ Իսկ երեք տարեկանում, կրկին ընծաներով հանդերձ, նրան տարան տաճար եւ յանձնեցին Զաքարիա քահանայապետին։ Երեքամեայ Մարիամը, առանց օգնութեան, բարձրացաւ տաճարի տասնհինգ աստիճաններով, որոնք տանում էին դէպի Մեծ սեղանը։ Ծնողները նրան ամէն տարի տանում էին տաճար, մինչեւ նրա եօթը տարին լրանալը։ Նրա մասին է երգել Սողոմոնը. «Արքան ինձ Իր սենեակը տարաւ» (Երգ Ա 3)։ Մեծ Արքայի սենեակը անմեկնելի լոյսերի խորանն է, որը կոչւում է նաեւ «վարագոյրի ներսի կողմ»։ Դրա օրինակն է Սրբութեան սրբոցը, ուր քահանայապետը տարին մէկ անգամ մտնում էր՝ քաւելու իր եւ ամբողջ ժողովրդի՝ այդ տարւայ ընթացքում գործած մեղքերը։

Տօնի հիմնական խորհուրդներից մէկը զաւակներին Աստծուն ընծայելն է։ Այս արարողութիւնն իր տեղն ունի նաեւ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու ծիսակարգում, որտեղ տաճար ընծայման երեք առանձին արարողութիւններ են կատարւում՝ Ս. Մկրտութիւնից առաջ, Ս. Մկրտութիւնից յետոյ եւ Տեառնընդառաջի արարողութեան աւարտին։

Տօնի միւս կարեւոր խորհուրդը ուխտի նշանակութիւնն է քրիստոնեայի կեանքում։ Ս. Մկրտութեամբ քրիստոնեան մտնում է Աստծոյ հետ հաստատւած Նոր ուխտի մէջ՝ դառնալով Քրիստոսի մարմնի՝ Ս. Եկեղեցու անդամը։ Ուխտը հաւատացեալի՝ Աստծոյ եւ Եկեղեցու հետ ունեցած անձնական կապի արտայայտութիւնն է, ինչպէս նաեւ Աստծուն երախտագիտութիւն, ապաշխարութիւն եւ խնդրանքներ ներկայացնելու միջոց։ Այն ենթադրում է հաւատարմութիւն Քրիստոսի ուսուցումներին եւ Աստծոյ պատւիրաններին։

Տօնի խորհուրդն ամփոփւում է նաեւ զաւակներին Աստծուն եւ Ս. Եկեղեցուն յանձնելու, աստւածային խօսքին հաւատարիմ մնալու եւ կեանքի բոլոր օրերում Ս. Եկեղեցու շինութեան ու պայծառութեան համար աշխատելու գաղափարներում։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button