«ՄԵՆՔ»-ը՝ իրանահայ արւեստագէտների ցուցահանդէսը «Արարատ» մարզաւանում

«ԱԼԻՔ» – Հ. Մ. «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» պատկերասրահում բացումը կատարւեց իրանահայ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքների ցուցահանդէսի՝ «1: Մենք, 2: …» խորագրով։
Իրանի գեղանկարչութեան եւ ժամանակակից կերպարւեստի զարգացման գործում նշանակալի աւանդ ունեցած հայ արւեստագէտների ժառանգութեան կողքին, ցուցահանդէսում ներկայացւած են նաեւ ժամանակակից արւեստի դպրոցին ու աւանդոյթներին հետեւող նոր սերնդի ստեղծագործութիւնները։
Ցուցահանդէսին մասնակցում են 18 նկարիչներ եւ 6 քանդակագործներ, որոնց շարքում են Սիրակ Մելքոնեանը, Մարկոս Գրիգորեանը, Սոնիա Բալասանեանը, Սերժ Աւագեանը, Լիլիթ Տէրեանը, Սեդրակ Նազարեանը եւ այլ արւեստագէտներ։
Բացման հանդիսութեան ընթացքում կազմակերպիչ յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ գեղանկարիչ Ադենա Միրզախանեանը։ Այնուհետեւ խօսքով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որը ներկաներին փոխանցեց Սրբազան Հօր պատգամը։
Միջոցառման ընթացքում կազմակերպիչ յանձնախումբը ծաղկեփնջով իր գնահատանքը յայտնեց ցուցահանդէսի համադրող Արիանֆարին՝ «ՄԵՆՔ»-ի կազմակերպման գործում ունեցած ներդրման համար։
Ցուցահանդէսով ներկայացւել են նկարիչներ՝ Սիրակ Մելքոնեանի, Մարկոս Գրիգորեանի, Սեդրակ Նազարեանի, Սոնիա Բալասանեանի, Սերժ Աւագեանի, Արման Ստեփանեանի, Գառնիկ Տէր Յակոբեանի, Էդման Այւազեանի, Վահիկ Յարութիւնեանի, Յակոբ Վարդանեանի, Իւրիկ Քարիմ Մասիհիի, Լալիկ (Լէոնի) Թաշճեանի, Արմենուհի Նահապետեանի, Արմինէ Վարդանեանի, Ադենա Միրզախանեանի, Արբի Քեշիշեանի, Ելէնա Շողեր Վարդանեանի, Շարա Ալավերդեանի եւ Ալֆոնսօ Աւանէսեանի ստեղծագործութիւններից կտաւներ։
Իսկ քանդակագործների շարքում ցուցադրւում են՝ Լիլիթ Տէրեանի, Րաֆֆի Դաւթեանի, Զաւէն Այւազեանի, Արփինէ Մարկոսեանի, Էմմա Աբրահամեանի եւ Սանահին Բաբաջանեանի աշխատանքներից ցուցանմուշներ։
Ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ դեկտեմբերի 11-ը, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 16:00-ից 19:00-ը։



