Ուրմիայի հայոց «Մասիհա» ազգային դպրոցի 2026-2027 տարեշրջանի բացում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, 26 սեպտեմբերի 2026-ի առաւօտեան ժամը 10:30-ին, առաջնորդ Սրբազանը Թաւրիզից ժամանեց Ուրմիայի հայոց «Մասիհա» Ազգային դպրոցը, միասնաբար պաշտօնական բացումը կատարելու 2026-2027 ուսումնական տարւայ:
Դպրոցի դարպասի մօտ Սրբազան հայրը, Ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը եւ Պատգամաւորական ժողովի Դիւանի անդամ Սարինէ Մեջլումեանը մեծ սիրով դիմաւորւեցին երեխաների եւ տեսչութեան կողմից: Սրբազանը հայրը օրհնելով մատուցւած աղուհացը, թափօրը մուտք գործեց դպրոց: Հինգ աշակերտ-աշակերտուհիներ ծաղկեփնջով, քաղցրեղէններով, եւ այլ զարդերով դիմաւորեցին Սրբազան հօրը, եւ հիւրերին:
Տեսչուհի Ադրինէ Մեջլումեան յատուկ ընդունելութիւն էր կազմակերպել դպրոցի շրջափակում, որտեղ Սրբազանը ընդունւեց ամբողջ աշակերտութեան ծափողջոյններով: Տեսչուհու բարի գալստեան խօսքից յետոյ, աշակերտութեան անունից բարի գալստեան խօսք ընթերցեց աշակերտուհի Արփի Սարհադեանը: Նա իր սրտագին ողջոյնի խօսքում ասաց. «Այսօր մեր դպրոցական կեանքում ուրախ եւ օրհնեալ օր է. մեծ ուրախութեամբ ենք դիմաւորում ուսումնական նոր տարին: Այս գեղեցիկ առիթով մեր ջերմ ողջոյնն են յղում Ձեզ՝ սիրելի Սրբազան հայր, եւ ասում՝ բարի գալուստ մեր դպրոց: Ձեր ներկայութիւնը մեզ համար մեծ ուրախութիւն է: Թող Աստւած Ձեզ երկար տարիների կեանք պարգեւի: Խնդրում ենք, որ Ձեր հայրական օրհնութեամբ բացւած այս ուսումնական տարին լինի խաղաղութեան, լոյսի, գիտելիքի եւ յաջողութիւնների տարի. իսկ մեր դպրոցում միշտ տիրեն խաղաղութիւնը, սէրն ու համերաշխութիւնը: Շնորհաւոր նոր ուսումնական տարի: Բարի երթ»:
Սրբազան հայրը աշակերտութեան հետ միասին կատարեց Տէրունական աղօթքը, եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքը, եւ ապա նրանց ուղղեց իր հայրական պատգամը:
Հայոց դպրոցի հանդէպ իր սէրն ու խորունկ հաւատքը արտայայտելով, առաջնորդ Սրբազանը քաջալեր հանդիսացաւ աշակերտութեան. «Մեր լեզուն է այն զօրեղ միջոցը, որով պարտութեան չեն մատնւելու, երբեք: Նայեցէք ժողովուրդների անցեալ պատմութեան: Ինչքա՜ն ազգեր եկել են, սակայն չեն գոյատեւել, որովհետեւ մայրենի լեզու, տառեր եւ մշակոյթ չեն ունեցել: Իսկ մենք, ինչքան էլ որ ազգովին կոտորւել ենք թշնամիների ձեռքով, մեր լեզւի եւ մեր հաւատքի զօրութեամբ ենք գոյատեւել»,- ասաց Սրբազանը:
Աշակերտութեան հետ անկեղծ զրոյցից եւ յիշատակելի պահերից յետոյ ուսուցիչները բոլորին առաջնորդեցին դասարանները, եւ սկսեցին իրենց դասաւանդութիւնները: Առաջնորդ Սրբազանը տեսչարանին մէջ մտերմիկ հանդիպում ունեցաւ տնօրէնութեան կազմի եւ գլխաւոր ուսուցիչների հետ: Տեսչուհի Ադրինէ Մեջլումեանը անդրադարձաւ պատերազմական օրերին համացանցով կատարւած ուսուցումներին: Նա խօսեց նաեւ նոր տարեշրջանի ընթացքում կատարւելիք ուսուցողութեան եւ կրթական աշխատանքների, ինչպէս նաեւ շրջափակի վերանորոգման եւ ասֆալթապատման ծրագրի մասին:









