
«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը երէկ եւ այսօր այցելել է Զէյթուն եւ Սասուն քաղաքամասերում գործող ԹՀԹ արտակարգ իրավիճակների շտաբներ՝ ծանօթանալու ընթացիկ աշխատանքներին։
Արա Շահվերդեանը երէկ՝ մարտի 9-ին, Զէյթուն քաղաքամասում հանդիպել է շտաբի անդամներին եւ հետաքրքրւել ռմբակոծութեան հետեւանքով տուժած հայրենակիցների իրավիճակով, ինչպէս նաեւ ծանօթացել նրանց հետ կապւած շտաբի իրականացրած աշխատանքներին։
Պատգամաւորն այսօր՝ մարտի 10-ին, Սասուն քաղաքամասի շտաբի պատասխանատուների ուղեկցութեամբ շրջայց է կատարել Նարմաք թաղամասում։ Նա այցելել է «Րաֆֆի» համալիր եւ «Սիփան» միութիւն, որտեղ միութիւնների վարչութեան անդամների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում։
Արա Շահվերդեանն «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում կարեւորելով միասնական եւ համակարգւած աշխատանքը, նշեց, որ քաղաքամասում շրջանառւող լուրերը բազմաթիւ թաղեցիների մօտ առաջացրել էին խուճապ եւ մտահոգութիւն։
Նրա խօսքով՝ այդ մտահոգութիւնը, յատկապէս, նկատելի էր «Րաֆֆի» համալիր կատարած այցի ընթացքում, երբ միութեան հարեւանութեամբ բնակւող մի քանի թաղեցիներ, այդ թւում նաեւ պարսիկ հարեւաններ, նրա ուղեկցութեամբ շրջել են միութեան տարածքում՝ համոզւելու համար, որ այնտեղ որեւէ այլ կենտրոնի կամ օրգանների ներկայութիւն չկայ։






