
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ուրբաթ, հոկտեմբերի 23-ի երեկոյեան Հ.Բ.Ը.Մ-ի յարկի տակ իրականացաւ գեղարւեստական յայտագրով միջոցառում նւիրւած Մշակոյթի տօնին։
Ծրագիրը յագեցած էր ասմունքներով, երաժշտական գործիքների կատարմամբ եւ միութեան «Ամարաս» երաժշտական խմբի ազգային-ազգագրական երգերի ու մեներգերի ներկայացմամբ։ Խմբի ղեկավարներն են՝ Լուիզա Աւետիսեանը եւ Մելանի Աւանէսեանը։
Ծրագիրն մեկնարկեց Տէրունական աղօթքով, իսկ միութեան անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Լուսինէ Յովհաննիսեանը: Նա կարեւորութեամբ անդրադրձաւ հայ ժողովրդի գոյապայքարի առումով Հայ մշակոյթի, արւեստի եւ ի մասնաւորի երգ ու երաժշտութեան կարեւոր ու անժխտելի դերակատարութեան մասին :
Ծրագրին ներկայ էին Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչներ, Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը, ազգային մարմինների եւ միութիւնների նախագահներ եւ ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Գեղարւեստական յայտագրում ասմունքով հանդէս եկաւ Նարէ Օհանեանը, տաւիղ հայկական երաժշտական գործիքով ելոյթով ունեցաւ Սամարիա Շահմիրեանը, քանոնով Ամրին Մարգարեանը, իսկ Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը եւ Մինէ Բաբախանեանը ջութակով եւ ֆլէյտայով համատեղ ելոյթով հանդէս եկան, դաշնամուրի առանձին կատարումներով նաեւ որոշ երգերին ընկերակցելով ելոյթ ունեցան՝ Նազենի Ծառուկեանը, Ռենէ Ոսկանը, Էմիլի Սոնիա Սեփանեանը, Մոնթէ Իսմայիլեանը եւ Լինա Քեշիշեանը:
Հայկական երգը թէ՛ զուգերգով, եւ թէ՛ խմբերգով ներկայացրեցին՝ Մելանի Աւանէսեանը, Սիփան Մկրտումեանը, Բիւրակ Զարգարեանը, Ֆրելին Մաւաթեանը, Մինէ Թահմասեանը եւ Մխիթար Վարթինը: Միջոցառումը աւարտւեց խմբի միջոցով հայկական ազգագրական երգերի շարանով, որի կատարումը մեծ խանդավառութիւն ստեղծեց ներկաների մօտ:
Միջոցառման աւարտին հրաւիրւեց խօսք փոխանցելու միութեան վարչութեան նախագահ Վահէ Միրզաբէգեանը, ով իր գնահատանքը յայտնեց «Ամարաս» խմբին, կատարողներին եւ ներկաներին, որոնք միշտ իրենց մասնակցութեամբ ոգեւորում են նոր սերնդին: Նա անդրադառնալով 120-ամեակը բոլորած Հ.Բ.Ը.Մ-ին ընդգծեց, որ հայ նոր սերնդի մօտ հայեցի դաստիարակութիւնը եւ հայկական շունչն ու ոգին վառ պահելը եղել է եւ լինելու է Հ.Բ.Ը.Մ.-ի առաքելութիւնը: Վերջում հրաւիրւեց խօսք փոխանցելու Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը: Տէր հայրը նախ փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյնները, ապա գնահատանքով անդրադարձաւ հայ երիտասարդ սերնդի կատարումներին, ընդգծելով, որ քանի դեռ նման հայկական շունչ ու ոգի է տիրում հայ նոր սերնդի սրտում, ոչ ոք չի կարող հայի հոգուց ջնջել հայկական արժէքները՝ Արարատ լեռը, Արցախը եւ այն ամէնը ինչը հայկական է:
Վերջում «Ամարաս» խումբը ներկաների բուռն ծափողջոյններով կրկնեց հայկական ազգագրական երգերի շարանը, որից յետոյ ներկաները մասնակից դարձան աւանդական շրջպարին:







