ԹեհրանՀամայնքՀարցազրոյց

Հարցազրոյց՝ Թ. Հ. Թ. 17-րդ ՊԺ-ի ատենապետ Սուրիկ Աբնուսեանի հետ

– Յարգելի պրն. Աբնուսեան թոյլ տւէք ողջունել Թ.Հ.Թ. 17-րդ ՊԺ-ի ընտրութիւնների յաջող անցկացումն ու կազմաւորումը, եւ մաղթել կանաչ ճանապարհ ու անսասան երթ՝ համայնքիս խնդիրները հնրաւորինս թեթեւացնելու եւ մտահոգութիւնները փարատելու ուղղութեամբ: Շնորհաւորում ենք Ձեզ՝ ատենապետի ծանր պարտականութիւնը ստանձնելու կապակցութեամբ, եւ շնորհակալ ենք այս հարցազրոյցի հրաւէրն ընդունելու համար:

Ես նոյնպէս շնորհակալ եմ ընձեռած առիթի եւ հանդիպման համար:

Հակառակ նրան, որ կանգնած ենք Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների սեմին, դժւարանում եմ շնորհաւորել տօնական այս օրերը, քանի որ անհրաժեշտ է անպայման յիշել, որ 21-րդ դարի առաջին քառորդի համարեա վերջում, հայ ժողովուրդը կրկին ենթարկւեց ցեղասպանութեան՝ այս անգամ պատմական Հայաստանի ամենաարեւելեան եւ միաժամանակ ամենահին տարածքներից մէկում՝ Արցախում: Դեռ աւելին, Հայաստանի Հանրապետութեան սահմանները եւ բնակչութիւնը մի կողմից շրջապատւած են ոխերիմ թշնամիներով, իսկ միւս կողմից չեն նշմարւում ազգային զարթօնքի եւ զգաստանալու նշոյլներ:

Սփիւռքում եւս վերջին տարիների ընթացքում նկատելի է կազմակերպւածութեան, միասնականութեան ու ազգային ոգու նւազում, հետեւաբար այս ոչ պայծառ ֆոնի վրայ (չասելու համար գորշ ֆոնի վրայ) դժւարանում ենք խանդավառութեամբ շնորհաւորել Նոր տարին: Յուսով ենք Ս. Ծննդեան հրաշափայլ տօնը մեր ազգին հրաշքներ կը պարգեւի:

– Պրն. ատենապետ, առաջին հարցը. շուրջ մէկ ամիս առաջ պէտք է գումարւէր Պատգամաւորական ժողովի նիստը՝ թեմիս Թեմական խորհրդի գործունէութիւնը քննարկելու եւ նոր Թեմական խորհուրդ ընտրելու օրակարգերով, սակայն տեղի չունեցաւ այդ նիստը: Այս կապակցութեամբ խնդրում եմ հնարաւորինս պարզաբանել նիստը չգումարւելու պատճառները:

– Ինչպէս բոլորը գիտեն, այս ընտրութիւնները նախկին ընտրութիւնների նման իր բոլոր վայրիվերումներով հանդերձ, աւարտւեց եւ բոլոր պատգամաւորներն ըստ կարգի ստանալով պետական հաստատումները, թեմիս Թեմակալ առաջնորդի հրաւէրով գումարւեց ժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում կատարւեց մանդատների յանձնում եւ դիւանի ընտրութիւն: Իսկ նոյեմբերի 27-ից – 29-ը նախատեսւած էր ՊԺ-ի հերթական նիստը, որտեղ քննարկւելու էր ոչ թէ միայն Թեմական խորհրդի, այլ նաեւ Կրօնական խորհրդի մի քանի ամսւայ գործունէութիւնը (քանի որ երկամեայ գործունէութիւնը քննւել էր նախկին ՊԺ-ի միջոցով) եւ պիտի ներկայացւէր Հաշւեքննիչ մարմնի զեկոյցը, սակայն պետական պատկան մարմինները դիմելով մեզ, խնդրեցին կարճ ժամանակով յետաձգել նիստը:

Դրանից յետոյ, մի քանի հանդիպումներ եւ հեռախօսազրոյցներ ենք ունեցել պետական մարմինների հետ եւ փորձում ենք հասկանալ եւ փարատել թիւրիմացութիւններն ու հաւանական խնդիրները:

– Ներկայ իրավիճակում ինչպէ՞ս պէտք է ընթանան ազգային եւ համայնքային աշխատանքները:

– Ազգային իշխանութիւնը, յանձինս Թեմական խորհրդի եւ ենթայանձնախմբերի ու ենթամարմինների, պէտք է շարունակի իր բնականոն գործունէութիւնը, մինչ նոր տնօրինում՝ նոր Թեմական խորհրդի ընտրութիւն:

– Իսկ որո՞նք են Թ.Հ.Թ. 17-րդ ՊԺ-ի օրակարգերի առաջնահերթ խնդիրները:

– Կան նախորդ շրաջաններում արծարծւած եւ ամբողջութեամբ լուծում չգտած հարցեր, ինչպիսիք են՝ դպրոցների վերադասաւորման, կրթութեան մակարդակի առաւել բարելաւման, ինչպէս նաեւ ակադեմիկ կերպով հայեցի դաստիարակութեան եւ այլ հարցեր:

Գաղտնիք չենք բացայայտի, եթէ խօսենք թեմի ֆինանսական խնդիրների եւ դրանց ծանր վիճակի մասին, եկամուտների եւ ծախսերի անհաւասարակշռութեան, երկրում տիրող գնաճի հետեւանքով առաջացող այլ դժւարութիւնների ու խնդիրների մասին: 17-րդ ՊԺ-ը իր գլխաւոր օրակագում է պահելու այդ հարցը եւ ձգտելու է նորընտիր Թեմական խորհրդի հետ բարելաւել վիճակը:

Առկայ է թեմիս կանոնագրութեան վերանայման անհրաժեշտութիւնը՝ իրաւունքների, հաշւառութեան եւ հաշւէտւութեան սահմանումների առաւել յստակեցման խնդիրը, եւ մի շարք այլ հարցեր, այդ թւում եկեղեցիների, ազգային բուժարանի, գերեզմանատների եւ այլնի հետ կապւած:

-Շնորհակալութիւն ենք յայտնում տրամադրած ժամի եւ պատասխանների համար:

– Ես նոյնպէս շնորհակալ եմ այս զրոյցի համար: Յուսով եմ մօտ ապագայում կը գումարւի ՊԺ-ի նիստը:

Related Articles

Back to top button