
Շաբաթ եւ կիրակի՝ ապրիլի 4֊ին եւ 5-ին, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի եկեղեցական դասի, Սուրբ են Անմահ Պատարագ մատուցւեց Ճրագալոյցի եւ Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօների առիթով:
Շաբաթ երեկոյեան, Յարութեան տօնի Ճարագալոյցի առթիւ, Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը նախագահեց «Ս. Ստեփանոս» եկեղեցու Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Այստեղ պատարագեց արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Սբ. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։
Յաջորդ օրը՝ կիրակի առաւօտեան, Քրիստոսի Յարութեան տօնի առթիւ, թեմիս առաջնորդական տեղապահ Հայր Սուրբը պատարագեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում: Շարականների երգեցողութիւնը կատարեց դարձեալ Սբ. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի:
Մի հատւածի մէջբերում պատարագիչ Հայր Սուրբի քարոզախօսութիւնից. «Քրիստոսի Յարութիւնը այսօր մեծագոյն օրինակն է հաւատացեալներիս համար գօտեպնդւելու այս ծանր եւ դժւար պահերին, մտաբերելով ամէն տեսակ նեղութիւն եւ դժւարութիւն, որով կարող ենք շրջանցել միայն ու միայն Քրիստոսի յաղթական յարութիւնն ունենալով մեր սրտերում եւ հոգիներում… Հետեւաբար թանկագին հաւատացեալներ, աղօթենք Յարուցեալ Քրիստոսին այնպէս ինչպէս խոստացել էր յայտնւել իր աշակերտներին, որ նրանք մենակ չմնան, այսօր եւս յայտնւի մեր կեանքում եւ իր սէրն ու ողորմութիւնը մի անգամ եւս ցոյց տայ մեզ, որպէսզի մեղքի տեսակների շղթաները մեր վրայից փշրելով, յաղթականապէս դուրս գանք եւ ապրենք կատարեալ ազատութիւնը»:
Վերջում հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը մասնակցելով եկեղեցու շրջափակում ընթացող հաւկթախաղին՝ ժողովրդի՝ ի մասնաւորի փոքրիկների հետ խաղալուն զուգահեռ, ընդունեց նրանց տօնական շնորհաւորանքներն ու մաղթանքները եւ քաղցրաւենիք բաժանեց փոքրիկներին:
Թղթակից (Նոր Ջուղա)





















