Հայկ Սարեանի հեղինակած երկու գրքերի շնորհանդէսը՝ Նոր Ջուղայում
Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի, չորեքշաբթի՝ փետրւարի 21-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի յարկի ներքոյ կազմակերպւեց Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնի դասախօս Հայկ Սարեանի հեղինակութեամբ լոյս տեսած՝ «Պահանջ» եւ «Հայ պատգամաւորները Իրանի ազգ. եւ Իսլամական խորհրդարաններում» (نمایندگان ارمنی در مجلس ملی و مجلس شورای اسلامی) գրքերի շնորհանդէսը: Երկրորդ գրքի գրառման գործում համահեղինակ է հանդիսանում դոկտ. Ալիաքբար Ջաֆարին:
Սկզբում աւելի ծանօթանանք հեղինակին: Հայկ Սարեանը ծնւել է 1975 թ.-ին Նոր Ջուղայում։ Դպրոցը աւարտելուց յետոյ ընդունւել է Դեհաղանի ազատ համալսարան եւ սովորել է` հասարակագիտութիւն։ Յետագայում, նոյնպէս կրթութիւնը շարունակել է ՍՊՀ-ում՝ հայոց լեզւի եւ գրականութեան բաժնում։ Անդամ է Իրանահայ գրողների միութեան եւ համագործակցում է «Ալիք» օրաթերթի գրական բաժնի հետ, որտեղ լոյս են տեսնում նրա գրութիւնները։ Հայկ Սարեանը անդամ է Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի:
Շնորհանդէսին բացման խօսքով հանդէս եկաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը, ապա սփռւեց մի տեսանիւթ, որտեղ այս առիթով իր պատգամը փոխանցեց Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա բարձր գնահատելով հեղինակի աշխատասիրութիւնը յատկապէս խորհրդարանի հայ պատգամաւորներին անդրադարձող գրքի կապակցութեամբ, ընդգծեց նման թեմայով գրքի առկայութեան անհրաժեշտութիւնը, քանի որ մինչեւ այսօր այս մասին միայն անդրադարձ է եղել մի շարք յօդւածներում եւ հարցազրոյցներում: Պրն. Բեգլարեանը շեշտելով հայ պատգամաւորների գործունէութեան կարեւորութիւնը թէ՛ խորհրդարանում եւ թէ՛ համայնքներում՝ շնորհաւորանքի խօսք ուղղեց հեղինակին եւ մաղթեց նորանոր յաջողութիւններ:
Այնուհետեւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների անունից արտայայտւեց Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը: Ահա մի հատւածի մէջբերում նրա խօսքից. «Իրանի Իսլամական խորհրդարանում հայ պատգամաւորներին անդրադարձող գիրքը գերազանցապէս փոխանցում է այս երկրում ապրող հայ ժողովրդի կացութիւնը՝ յատկապէս քաղաքական դաշտում, թէ ինչպէս մի մուսուլման երկրում բնակւող քրիստոնեայ փոքրամասնութիւն, վայելում է իր քաղաքացիական իրաւունքները՝ յատկապէս երկրի խորհրդարանում ունենալով իր զոյգ պատգամաւորներին: Այն փաստում է այն իրողութիւնը, թէ երկու տարբեր կրօնների դաւանող ժողովուրդներ ինչպէս են կարողացել միմեանց կողքի ապրել խաղաղ եւ աւելին՝ արտայայտել կարծիքներ ու տեսակէտներ երկրի օրէնսդրական համակարգում՝ առանց որեւէ խտրականութեան»:
Այժմ անդրադառնանք «Պահանջ» գրքին, որի մասին տեղեկութիւնները ընթերցւեցին Վերգինէ Միրզախանեանի միջոցով:
«2020 թւականի սեպտեմբերից ի վեր, երբ սկզիբ է առնում Ադրբեջանի պետութեան ագրեսիայի ոտնձգութիւնները Արցախի անմեղ ժողովրդի դէմ, եւ կրկին հայ ժողովուրդը դառնում է անօրինական բռնութեան զոհ, հեղինակը ձեռնամուխ է լինում իմի բերելով իր բանաստեղծութիւնները, այն հրատարակել մի գրքում: Գրքի բովանդակութիւնը բաժանւած է երեք մասերի.
Առաջին բաժինը պարունակում է բանաստեղծութիւններ, որոնց ժանրն է՝ ազգային, հայրենասիրական ու գաղափարական:
Երկրորդ բաժինը բաղկացած է երկու պատմւածքներից, որն եւ ունի հեքիաթի բնոյթ:
Եւ երրորդ բաժինը յօդւածներ են, որոնց թեմաներն են՝ ազգային, մշակութային, գաղափարական եւ պատմական»:
Յաջորդիւ խօսքը փոխանցւեց Հայկ Սարեանին: Հեղինակն անդրադառնալով «Հայ պատգամաւորները Իրանի ազգ. եւ Իսլամական խորհրդարաններում» գրքին, բացատրեց դրա հինգ գլուխների բովանդակութեան մասին, շեշտելով, որ 2-րդ բաժնում ոչ միայն ընդգծւած են փոքրամասնութիւնների իրաւունքները՝ միջազգային եւ երկրի մասշտաբներով, այլ նաեւ վերլուծութիւններ են կատարւել երկրի սահմանադրութեամբ փոքրամասնութիւններին վերապահւած իրաւունքների շուրջ: Պրն. Սարեանն աւելացնելով, որ գրքի 3-րդ գլխի ներքոյ անդրադարձ է եղել հայ ժողովրդի՝ ի մասնաւորի Հ.Յ.Դաշնակցութեան դերակատարութեանը Իրանի Սահմանադրական շարժման գործողութիւններում, ընդգծեց 4-րդ եւ 5-րդ գլուխները, ուր նշւած են հայ պատգամաւորների կատարած կարեւորագոյն աշխատանքները խորհրդարանում եւ նրանց դերակատարութիւնը որոշումների կայացման գործում:
Պրն. Սարեանը գնահատելով հայ պատգամաւորների գործունէութիւնը խորհրդարանում Իրանի Իսլամական յեղափոխութիւնից առաջ եւ յետոյ՝ նշեց նաեւ, որ նրանց գործունէութիւնը զգալի փոփոխութիւն է կրել յատկապէս յեղափոխութիւնից յետոյ, քանի որ աւելի աչքառու է դարձել հայ պատգամաւորի ազդեցութիւնը երկրի քաղաքական դաշտում:
Նա վերջում յատուկ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել են իրեն այս աշխատանքի իրականացման գործում՝ ի մասնաւորի «Նայիրի» հրատարակութեանը՝ գրքերի տպագրման աշխատանքը հովանաւորելու համար:
Ծրագրի աւարտին հեղինակն իր գրքերը մակագրեց ցանկացողների համար, իսկ դրանցից մէկական օրինակ նւիրեց համայնքի երեք գրադարաններին:
Թղթակից (Նոր Ջուղա)