Ատրպատական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հետաքրքրւեց Ս. Թադէի վանքի ապահովական դրութիւնից՝ Մակուի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից յետոյ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Նոյեմբերի 13-ի երեկոյեան ժամը 18:58-ին, Ատրպատականի հիւսիսային շրջանում, Մակու քաղաքից 23 կմ. դէպի հիւսիս-արեւելք, 10 կմ. խորութեամբ եւ 4,3 ուժգնութեամբ երկրաշարժ գրանցւեց, որի էպիկենտրոնում ուժգնութիւնը եղել էր 5-6 բալ:

Վերոյիշեալ աղէտից անմիջապէս յետոյ, նկատի ունենալով, որ Ա. Թադէոս Առաքեալի վանքը աշխարհագրական նոյն տարածքում է գտնւում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը կապ հաստատեց վանքի պահակախմբի ղեկավարի հետ, ճշտելու համար վանական համալիրի դրութիւնը:

Պահակախմբի ղեկավարը վկայելով զգացւած մեծ շարժի, ինչպէս նաեւ պահակախմբի անդամների եւ կողքի գիւղի ժողովրդի ապրած ահ ու սարսափի մասին, յայտնեց, որ երկրաշարժի դադարից անմիջապէս յետոյ քննութեան է ենթարկել վանքի տաճարի պատերը: Այն քարեղէն նշանները, որոնք կառոյցը վերանորոգող ճարտարապետների ձեռամբ են տեղադրւել ճաքած պատերին, իրենց տեղերից բնաւ չէին շարժւել, հակառակ զգացւած մեծ երկրաշարժին:

Սրբազան Հայրը փառք տալով Աստծուն, որ Վանքը անվնաս էր մնացել, զօրակցութիւն է յայտնել բոլոր պահապաններին, միաժամանակ իր գնահատանքը՝ այն բծախնդիր մօտեցման եւ աչալրջութեան համար, որը պահակախումբը ցուցաբերում է, հանդէպ հայ եկեղեցու հնագոյն սրբավայր՝ Ս. Թադէի վանքին:

Related Articles

Back to top button