«Հայ կին» միութեան կից «Անի» միութեան նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթին նւիրւած միջոցառում եւ հայ ուսուցչի գնահատում
Իռէն Աբնուսեան. «Հայ լեզուն դարձաւ հայի ինքնորոշման ամենաշօշափելի արտայայտութիւններից մէկը»
«ԱԼԻՔ» – Հայկական մշակոյթի պահպանման եւ տարածման հարցով իրենց անժխտելի դերն ունեն միութիւնները, որոնք Հայ մշակոյթի տօնը նշում են ոչ միայն մէկ շաբաթւայ կամ մէկ ամսւայ կտրւածքով, այլ այն առիթ ծառայեցնում փոխանցելու հայկական մշակոյթը:
Նմանօրինակ միջոցառումներից մէկը նշւեց նախաձեռնութեամբ՝ «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան, թւականիս նոյեմբերի 9-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում:
Ծրագրի յայտագիրը յագեցած էր բանախօսութեամբ, գեղարւեստական կատարումներով եւ հայ ուսուցչուհիների մեծարմամբ:
Տէրունական աղօթքով եւ «Մեր Հայրենիք» օրհներգով, որը ջութակով կատարեց Էւելինա Առաքելեանը մեկնարկած միջոցառման սկզբում օրւայ հաղորդավար Արփա Քարամեանը հրաւիրեց միութեան վարչութեան նախագահ Ժանետ Բալասանեանին: Նա իր ողջոյնի խօսքը փոխանցելով ներկաներին, ընդգծեց, որ հայաշխարհի ներկայ պայմաններում, երբ մեր հայրենիքը վտանգի տակ է, կորցրել ենք Արցախը եւ Ամարասի վանքը, որը մեր դպրութեան առաջին կենտրոններից էր, որի հիմքը դրել էր Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ հայապահպանման համար աւելի է կարեւորւում կառչած մնալ մեր ազգային ու մշակութային արժէքներին: Նա ընդգծեց, որ ինչպէս 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ, հայը իր պայքարի շնորհիւ վերակենդանացաւ, յուսանք, որ այսօր եւս հայը վերականգնի իր կորցրածը, ուստի բոլորս միասնաբար պէտք է դիմակայենք մեր թշնամիներին, եւ Սփիւռքում դա հնարաւոր է՝ կառչելով մեր մշակութային արժէքներին ու ինքնութեանը: Միութեան նախագահուհին իր ելոյթի այլ բաժնում անդրադառնալով վաստակաւոր միութենական Սրբուհի Նազարեանի մահւանը, ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս յարգեն Արցախում նահատակւած հայ զինւորների, Սրբուհի Նազարեանի եւ կեանքին հրաժեշտ տւած միութենականների յիշատակը:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը: Նա համապարփակ գծերով անդրադարձաւ Մշակոյթի տօնի, հայ մշակոյթի պատմական արժէքի եւ հայերէն լեզւի պահպանման կարեւորութեանը, եւ ընդգծեց, որ մշակութային որեւէ միջոցառում անիմաստ է լինելու առանց մայրենին արժեւորելու: Նա ընդգծեց, որ Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակ Պարթեւի կատարած աշխատանքի եւ թարգմանչաց շարժման շնորհիւ, մեր ժողովուրդը հասաւ ինքնագիտակցութեան եւ ազատագրական պայքար սկսեց մղել իր թշնամիների դէմ: Բանախօսը նշեց, որ գրերի գիւտը եւ հայ ինքնուրոյն գրականութեան սկզբնաւորումը հայ ժողովրդի կեանքում ունեցաւ ոչ միայն մշակութային պատմական նշանակութիւն, այլ նաեւ հանդիսացաւ նրա ֆիզիկական գոյութեան, ազգային միասնութեան կարեւորագոյն ազդակը, որը համարւում է Թարգմանչաց տօնի շարժման պատմական արժէքը: Նա ապա անդրադարձաւ հայ իրականութեան մէջ հայ գրերի գիւտի անմնացորդ արժէքին եւ նշեց, որ մեր թարգմանիչների եւ ռահվիրաների անմահ գործերի յիշատակը լաւագոյնս պահելու միջոցն է՝ սովորել ու տարածել հայերէն լեզուն, հայ գիրն ու մշակոյթը, պայքարել հայոց լեզւի աղաւաղումների դէմ, գուրգուրել ու աչքի լոյսի պէս պահել մեր մշակութային արժէքները, ու ընդհանրացնել մեր մեծասքանչ լեզւով գրւած մեր հոյակապ հայոց գրականութիւնը, մեր դարաւոր նւիրական աւանդները, որոնք ձեռք են բերւել մեր նախնիների արեան գնով: Բանախօսը նշեց, որ Սուրբ Թարգմանիչների յիշատակումը եւ մեծարումը այսօր առաւել քան երբեւէ սրբազան պարտականութիւն է հայ մարդու եւ առաջին հերթին սփիւռքահայութեան համար, քանզի մշակոյթի շունչն է մեզ հայ եւ ազգ պահողը: Նա ապա անդրադարձաւ հաւատքի, Հայ եկեղեցու եւ լեզւի փոխյարաբերութեան մասին եւ ընդգծեց, որ հայ գրերի գիւտով ինչպէս ասւում է՝ Աստւած հայերէն խօսեց հայ մարդու հետ, եւ կարեւորեց հայ եկեղեցու դերը հայ գրերի պահպանման ու տարածման գործում: Նա, նշեց. «Լեզուն ազգի ինքնութեան արմատները պահողն է, երբ ուրիշները ազատօրէն մեր կամքը շղթայեցին, հայ լեզուն դարձաւ հայի ինքնորոշման ամենից շօշափելի արտայայտութիւններից մէկը: Հայ լեզուն ու աւանդոյթները դարձան մեր ազգի, մեր հայրենիքի ու մշակոյթի պատկանելիութեան շաղախները, անցնելով աշխարհագրական, դաւանական, քաղաքական ու այլ ասպարէզները»: Անդրադառնալով ներկայ ժամանակաշրջանում գլոբալիզացման վտանգների մասին, բանախօսը կարեւորեց ինքնաճանաչման անհրաժեշտութիւնը, եւ այդ առումով ընդգծեց հայոց լեզւի լաւագոյն իմացութիւնը եւ անշեղ կիրառումը, հայ ընտանիքներում:
Նա, յատուկ կարեւորութեամբ անդրադարձաւ հայոց դպրոցի դերակատարութեանը, ի մասնաւորի՝ Սփիւռքում, այն համարելով հայ լեզւի ու դպրութեան պահպանման, տարածման ու յաւերժացման միջնաբերդը եւ այս հարցով ընդգծեց հայ ուսուցչի անմնացորդ դերը: Բանախօսը իր խօսքը եզրափակեց հետեւեալ տողերով. «Այսօր մեր ազգային անվտանգութեան հարցը դարձել է բոլորիս մտահոգութիւնը: Այսօր մեր Արցախ աշխարհը կորցնելով, վտանգւած է նաեւ մեր հայրենիքը, ուստի՝ այս ճակատագրական պայմաններում առաւել կարեւոր է մտքով, խօսքով եւ գործով մղւել յանուն հայրենիքի օգնութեան, յանուն արցախահայութեան զօրավիգ լինելու, ուստի որեւէ միջոցառում պէտք է ծառայի ազգային միասնականութեան եւ ազգային արժէքների պահպանման համար»:
Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով, որի ընթացքում հայկական պարային կատարումներով հանդէս եկան՝ Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի սաներ՝ Փրենի Խաչատրեանը եւ Էլին Միրխանին, հայ ուսուցչին ու տառերին նւիրւած երգերով ելոյթ ունեցան՝ Հելենա եւ Սեւադա Աղասարեանները, ջութակի կատարմամբ Էւելինա Առաքելեանը, իսկ ֆլէյտայի կատարմամբ՝ Մինէ Վարդումեանը:
Գեղարւեստական յայտագիրը ամփոփեց բանաստեղծուհի Իրինա Մանսուրեանը՝ ասմունքելով իր գրչին պատկանող «Հայը» բանաստեղծութիւնը:
Ծրագրի յաջորդ բաժնում «Անի» միութեան կողմից գնահատւեցին հանգստի կոչւած, ինչու չէ նաեւ աշխատող հայ ուսուցիչները: Իսկ գնահատագրերը յանձնեցին Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ Ալենուշ Շահվերդեանը եւ «Հայ կին» միութեան նախագահուհի Արմինէ Բուդաղեանը: Վերջինս «Հայ կին» միութեան անունից իր գնահատանքի խօսքը փոխանցեց կազմակերպւած միջոցառման համար, կարեւորելով մշակութային արժէքներին կառչելու անհրաժեշտութիւնը, հայապահպանման գծով: Օրւայ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը ողջունելով Սրբոց Թարգմանչաց տօնը, գնահատելով հայ ուսուցիչներին եւ «Անի» միութեանը, նախաձեռնութեան համար:
Միջոցառմանը ներկայ էին՝ ազգային մարմինների,կառոյցների ու միութիւնների նրկայացուցիչներ:
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ