Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախումբը հանդիպումներ է ունեցել Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ
«ԱԼԻՔ», Կ. Դ.- Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման եւ Սրբադասւած նահատակների յիշատակի մեծարման նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը երէկ՝ մարտի 9-ին ազգային առաջնորդարանի դահլիճում առանձին հանդիպումներ ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգմաւոր Արա Շահվերդեանի հետ:
Սրբազան Հօր հետ հանդիպման ընթացքում յանձնախմբի ատենապետ Արա Գալստեանը համապարփակ գծերով ներկայացրեց յանձնախմբի տարած աշխատանքները ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի այս տարւայ հիմնական նպատակը սիրելի հայրենակիցներին յոյս եւ հաւատք ներշնչելն է, յոյս՝ հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, քանզի վերջին շրջանում հայ ժողովրդի դէմ ծառացած մարտահրաւէրները եւ Արցախի կորուստը հոգեբանական մեծ հարւած է հասցրել հայ ժողովրդին: Ապա նա մանրամասն զեկուցեց յանձնախմբի մինչ այժմ իրականացրած աշխատանքների, միութիւնների հետ կապերի մասին, որպէսզի նախատեսւած ծրագրերը չխաչաձեւեն միմեանց, լոգոյի յստակեցման, տարւայ կարգախօսը որոշելու, ապրիլի 23-ի եւ 24-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում իրականացւող ծրագրերի, ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ Ապրիլի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանում կազմակերպւելիք Կենտրոնական գեղարւեստական-բանախօսական միջոցառման, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ համադրաբար աշակերտների միջոցով ծաղիկների մատուցման եւ «Արարատ» մարզաւանում բարձր օղակի աշակերտների ծրագրերի եւ նմանօրինակ աշխատանքների վերաբերեալ:
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը գնահատեց յանձնախմբին, ստանձնած կարեւոր պարտականութեան համար, նշելով, որ դա ապացոյցն է Ապրիլ 24-ի խորհրդի նկատմամբ յանձնախմբի գիտակից վերաբերմունքի, եւ այդ խորհրդով ժողովրդին զինելուն: Սրբազան Հայրը մէջբերում կատարեց երջանկայիշատակ Գարեգին Վեհափառի այն խօսքը, որ հայ ժողովուրդը մէկ ընդմիշտ իր բառարանից պէտք է ջնջի յուսահատւել բառը, քանի որ հայ ժողովուրդը տոկացել է եւ տոկալու է: Սրբազան Հայրը ընդգծեց, որ հայ ժողովրդի նպատակների իրականացման համար մի քանի տւեալներ են անհրաժեշտ՝ երբեք չտկարանալ մեր պայքարի մէջ, աննահանջ կերպով գործել եւ զինւած մեր հայրերի կամքով շարունակենք մեր գոյապայքարը, յանուն մեր երկրի ամբողջականութեան: Սրբազան Հայրը յաւելեց, որ մեր ժողովուրդը պահանջատէր ժողովուրդ է եւ նշեց, որ մեր իրաւունքներին վերատիրանալու գաղափարը մեզ համար դաւանանք է եւ կարեւորեց հաւատքով զինւած շարունակել առաջ ընթանալ:
Վերջում Սրբազան Հայրը յանձնախմբին յաջողութիւն մաղթեց իր առաքելութիւնը լաւագոյնս իրականացնելու առումով:
Ապա յանձնախումբը հանդիպում ունեցաւ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան վերընտրւած պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ: Յանձնախմբի ատենապետը յանձնախմբի անունից նախ շնորհաւորեց պատգամաւորին՝ վերընտրւելու կապակցութեամբ եւ մանրամասն զեկուցեց յանձնախմբի տարած աշխատանքների եւ նախատեսած ծրագրերի մասին:
Հանդիպմանը, պատգամաւոր Արա Շահվերդեանը կարեւորեց Թեմական խորհրդի միջոցով թեհրանահայ բոլոր միութիւնների ներկայացուցիչներից կեանքի կոչւած յանձնախմբի անդամների՝ որպէս մէկ մարմին համագործակցութիւնը, որը նա երաշխիքը համարեց աշխատանքների յաջողութեան: Պատգամաւորը ընդգծեց, որ Ապրիլ 24-ի ոգին, այսինքն Հայ Դատի ուղղութեամբ աշխատանքները չեն սահմանափակւում միայն մի քանի օրերի ծրագրերով եւ անհրաժեշտ համարեց այդ ոգով տոգորւած մի ամբողջ տարի աշխատանք իրականացնել:
Արա Շահվերդեանը կարեւորեց միութիւնների համադրաբար աշխատանքը, որպէսզի իրենց նախատեսած ծրագրերը չխաչաձեւեն միմեանց եւ նման համագործակցութիւնները բնութագրեց, համայնքի միասնական ոգով ընթանալու երաշխիքը: Նա ընդգծեց, որ մենք որպէս ժողովուրդ չենք կորցրել ապագայի նկատմամբ մեր յոյսը եւ անհրաժեշտ համարեց պահպանել մեր ինքնութիւնը եւ ազգային նկարագիրը եւ այն փոխանցել մեր մատաղ սերնդին:
Արա Շահվերդեանը նաեւ նշեց, որ իր հնարաւորութիւնների սահմաններում չի խնայելու ոչինչ եւ կը փորձի նեցուկ հանդիսանալ աշխատանքներին: Նա նշեց՝ ինչպէս Իսլամական խորհրդարանում իրանահայ բոլոր պատգամաւորները, ինքը եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորը աշխատելու են, որ խորհրդարանը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւ ընդունի:
Վերջում նա յաջողութիւն մաղթեց յանձնախմբին: