ԹեհրանՀամայնք

Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան ներկայացուցիչների այցելութիւնը հայոց ազգային «Արաքս» դպրոց

2025 թւականի օգոստոսի 12-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան ներկայացուցիչները այցելեցին հայոց ազգային «Արաքս» դպրոց:

Ներկաները շրջեցին դպրուցում, մօտից ծանօթացան դպրոցի հնարաւորութիւնների հետ եւ միաժամանակ ունկնդրեցին տեսչութեան եւ ուսուցչական կազմի կողմից դպրոցի ուսուցման, ուսումնառութեան եւ հայեցի դաստիարակութեան մանրամասնօրէն բացատրւած արդի ձեւերի մասին: Դպրոցում շրջելուց յետոյ մտերմիկ մթնոլորտում դպրոցի տեսչուհին ընթերցեց 2024-2025 ուսումնական տարեշրջանում կատարւած աշխատանքների համառօտ զեկոյցը եւ ներկայացրեց վեցերորդ շրջանի եւ Թեհրան նահանգի ուսումնադաստիարակչական կենտրոնում տեղի ունեցած գիտական, մշակութային եւ մարզական մրցութիւններում աշակերտուհիների ձեռք բերած յաջողութիւնները:

Հանդիպումը շարունակւեց Ծնողական խորհրդի կողմից ներկայացւած նիւթական զեկոյցով:

Սոյն մտերմիկ հանդիպմանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Սուրիկ Աբնուսեանը, ատենադպիր՝ Արտոյտ Զոհրաբեանն ու կենտրոնի թաղամասի պատգամաւորները, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, փոխատենադպիր՝ Մհեր Օհանեանն ու խորհրդի ներկայացուցիչները, Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանն ու խորհրդի ներկայացուցիչները, «Արաքս» դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմը եւ Ծնողական խորհուրդը:

Վերջում Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետը, Թեմական խորհրդի ատենապետն ու փոխատենադպիրը եւ Կրթական խորհրդի փոխատենապետը արտայայտեցին իրենց տպաւորութիւնը Հայոց ազգային «Արաքս» դպրոցի գործունէութեան կապակցութեամբ:

Հայոց ազգային «Արաքս» դպրոց

Related Articles

Back to top button