Հանդիպում՝ «ԱԼԻՔ» օրաթերթի վաղեմի բաժանորդներից Ռոզիկ Գասպարեանի հետ
Իրանահայ համայնքում, ի մասնաւորի աւելի տարեց հայրենակիցների շրջանակում դժւար է գտնել որեւէ իրանահայի, ում բնակարան մուտք գործած չլինի «ԱԼԻՔ» օրաթերթը: Ահաւասիկ, մեր հայրենակիցներից է Ռոզիկ Գասպարեանը, ով դեռեւս ստանում է «ԱԼԻՔ» եւ փայփայում այն: Առիթը պատեհ համարելով, այցելել ենք աւելի քան 80 տարեկան սիրելի բաժանորդի բնակարան եւ զրուցել նրա հետ: Ռոզիկ Գասպարեանը իր հետ ունեցած զրոյցի ընթացքում, նշեց, որ իր հայրը, ով ժամանակին Թեհրանում եղել է դերձակ-վարպետ, ապա ունեցել է ոսկերչատուն, միշտ գնել է «ԱԼԻՔ»-ը եւ տանը եւս երեխաների համար ընթերցել այն, որով ընտանիքի անդամների մօտ առաջացել է յատուկ սէր ու կապւածութիւն՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու, ազգային արժէքների, հայոց գիր ու գրականութեան, ազգային ու կրօնական աւանդութիւնների նկատմամբ: Զառամեալ բաժանորդը նշեց, քանի որ իր բնակարանը մօտ է մեր եկեղեցիներից մէկին, եւ ինքը արդէն երկար ժամանակ է ինչ դժւարանում է բնակարանից դուրս գալ, ուստի իւրաքանչիւր կիրակի կամ ուրբաթ օրերը, երբ լսում է եկեղեցու զանգերի ղօղանջի ձայնը, դա իրեն բաւարարում է: Նա պատմեց իր երիտասարդ տարիներից, երբ իր ընտանիքի հետ միասին, Ս. Աստւածածին տօնի առիթով խաղող էին նւիրում եկեղեցուն, եւ իր ծնողների մահից յետոյ, ինքը եւս շարունակել է այդ աւանդոյթը, մինչ վերջին տարիները:
Ռոզիկ Գասպարեանի սենեակում սեղանի վրայ տեղադրւած էր Ս. Աստւածածնի եւ Յիսուս Քրիստոսի արձանները: Երբ այդ մասին հարցրեցինք, նա ասաց, քանի որ չի կարողանում գնալ եկեղեցի, ուստի այդ արձանները իր համար դարձել են սրբութիւն: Նա մեզ ներկայացրեց նաեւ ժամանակին իր հօր ոսկերչատան եւ նրա ձեռքով պատրաստւած խաչերը, որոնք պահում է իր սրտի մօտ որպէս մասունք:
….
«ԱԼԻՔ»-ը եւս իր գնահատանքն է յայտնում իր վաստակաւոր բաժանորդին, նրան մաղթելով առողջութիւն:
Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ