Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
Դեկտեմբերի 6-ին, Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիւ եւ եկեղեցու հաղորդակցութեան բաժնի տնօրէն՝ Դանիալ Գրիգորի Մատրոսաֆը, որը հիւրաբար գտնւում է Ղոմի Ալմոստաֆա համալսարանում, պատկան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելել է Ս. Սարգիս եկեղեցի եւ ազգային առաջնորդարան: Պատւիրակութեանը դիմաւորել են Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում գտնւող՝ Տ. Վիգէն վրդ. Տալգլըճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, ատենադպիրներ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանցը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:
Պատւիրակութիւնը նախ մուտք է գործել Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանցի միջոցով բացատրութիւն է ներկայացւել եկեղեցու պատմականի մասին եւ ապա ազգային առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպմանը, Նորայր Արամեանը Սրբազան Հօր ողջոյնները փոխանցելով բարի գալուստ է մաղթել յարգոյ հիւրերին: Նա ամփոփ կէտերով անդրադարձել է իրանահայ երեք թեմերում, համայնքների եկեղեցական ու ազգային կեանքին նաեւ կառոյցի ընդհանուր դրւածքին ու գործունէութեանը: Հանդիպման ընթացքում նաեւ մատնանշւել է, Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութիւնը, փոխադարձ կապերին եւ կրօնների խաղաղ երկխօսութեանը ու յարաբերութիւններին։
Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիւը իր շնորհակալութիւնն եւ գոհունակութիւնն է յայտնել ջերմ ընդունելութեան եւ ազգային առաջնորդարան այցելելու առիթն ստեղծելու համար:
Այցի աւարտին յարգոյ հիւրին է յանձնւել Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի գրչին պատկանող «Հայոց եկեղեցին» գիրքը։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ