Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում՝ սուրբ պատարագ, նւիրւած Սուրբ Ծննդեան տօներին

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ՝ Կաթոլիկ եկեղեցու տոմարով Սուրբ Ծննդեան տօների՝ Քրիսմասի առիթով:
Կրօնական արարողակարգին ներկայ էր՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը՝ ընտանիքի ուղեկցութեամբ, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու քահանայեաց դասից Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:
Սրբազան Հայրն աղօթեց իրանահայ համայնքի բարօրութեան համար միաժամանակ նշելով, որ թող ամէն մարդ իզօրու լինի Աստծոյ զօրութիւնն ու սէրը փնտրի իր մէջ, որպէսզի ուժ գտնի շարունակելու սիրել համամարդկային արժէքները:
Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի քարոզի աւարտին ընթերցւեց «Խորհուրդ մեծ»-ի շարականը, որի հետ միասին տեղի ունեցաւ խորանների եւ մսուրի օրհնութեան կարգը:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ