ՀամայնքՄշակութային

Նոր գիրք – «Պահանջ» (Ժողովածու)

Խմբագրութիւնս շնորհակալութեամբ ստացել է հեղինակից.

Գրքի անուն՝ «Պահանջ» (Ժողովածու)
Հեղինակ՝ Հայկ Սարեան
Ներառում է` (բանաստեղծութիւններ, պատմւածքներ եւ յօդւածներ)
Տպագրութեան թւական՝ 2023 թ., Թեհրան:
«Նայիրի» հրատարակչութիւն:
126 էջ:
Գինը՝ 220000 թուման:

Մեր ընթերցողները վերջին տասնամեակում օրաթերթիս էջերում բազմիցս հանդիպել են նորջուղայաբնակ (Սպահան) երիտասարդ գրող Հայկ Սարեանի ստորագրած բանաստեղծութիւններին ու ազգային-քաղաքական յօդւածներին: Հ. Սարեանը Սպահանի պետական համալսարանի հայերէն լեզւի եւ գրականութեան ամբիոնի շրջանաւարտ է, եւ վերջերս հրատարակել է նոյն համալսարանի պատմութեան ֆակուլտետի իր աւարտաճառը Իրանի նախկին Ազգային եւ ներկայի Իսլամական խորհրդարանների հայ պատգամաւորների թեմայով, որին անդրադարձ եղաւ վերջին օրերում նոյն այս սիւնակում:

Ներկայ ժողովածուն ներառում է՝ 32 բանաստեղծութիւն, 2 պատմւածք եւ 14 ազգային-քաղաքական բովանդակութեամբ յօդւածներ, որոնցից գրեթէ մեծ մասը ժամանակի հերթականութեամբ լոյս են տեսել օրաթերթիս էջերում:

Ժողովածուի «Երկու խօսք»-ում կարդում ենք.

«Հայրենիքի կարօտն ու բաղձանքը, եւ նրա հանդէպ ձգտումներն ու տենչերը, անբաժանելի իրականութիւն է սփիւռքահայի հանապազօրեայ կեանքում։ Հայրենիքից դուրս ապրող հայը թէպէտ ճակատագրի բերումով է թողել հայրենիքը, սակայն էութեամբ ու ինքնութեամբ վերագրւում է Հայաստանին ու ամբողջ հայ ժողովրդին։

Իրանում ապրող հայ համայնքը, ունենալով դարաւոր անցեալ ու պատմութիւն, նոյնպէս լցւած է այդ կարօտով ու սիրով եւ այդ կարօտի ու սիրոյ ցաւը ապրում է նրա ամբողջ հոգում ու սրտում, որովհետեւ նա էլ ճակատագրի բերումով՝ թողել եւ գաղթել է հայրենիքը։ Հետեւաբար, երբ գրիչները պէտք է խօսեն նրա հոգու ու սրտի տենչերը, նրանք արտայայտում են հայրենիքի գովքն ու փառաբանութիւնը եւ նաեւ նրա տառապանքներն ու ցաւը։

Հայ ժողովրդի բովանդակ պատմութեան մէջ, քիչ չեն եղել նրա թշւառութիւններն ու տառապանքները, վիշտերն ու ցաւերը, որոնք պատճառ են դարձել ամբողջութեամբ արտացոլում գտնել հայ մատենագրութեան ստեղծագործութիւններում։ 2020 թ.-ի սեպտեմբերից ի վեր, երբ սկիզբ է առնում Ադրբեջանի աւտորիտար պետութեան ագրեսիայի ոտնձգութիւնները Արցախի անմեղ ժողովրդի դէմ, եւ կրկին հայ ժողովուրդը ենթարկւում է անօրինական բռնութեան զոհ, որը տեւում է մինչեւ 2023 թ.-ը, եւ ունենում է ողբերգական աւարտ եւ խոցում իւրաքանչիւր հայի սիրտ, ձեռնամուխ եղայ բոլոր գրութիւններս, որոնք այս երեք տարիների ընթացքում լոյս են տեսել «Ալիք» օրաթերթում, ի մի բերել եւ հրատարակել սոյն գիրքը։ Հետեւաբար սոյն գրքի ստեղծագործութիւնները նւիրւում է հայ ժողովրդի պահանջատիրութեան արդար լուծմանն ու հայրենիքի վերջնական ազատագրմանը։ Այդ իսկ պատճառով գիրքը կոչւում է՝ «Պահանջ»։

Գիրքի բովանդակութիւնը բաժանւած է երեք մասերի. առաջին բաժինը պարունակում է բանաստեղծութիւններ, որոնց ժանրն է՝ ազգային-հայրենասիրական եւ գաղափարական։ Իհարկէ, այս բաժնում կան նաեւ՝ բնութեան ու մարդկային երեւոյթներին կապւած ստեղծագործութիւններ ու նաեւ՝ թարգմանութիւններ պարսկական գրականութիւնից։ Երկրորդ բաժինը՝ բաղկացած է երկու պատմւածքներից, որն եւ ունի հեքիաթի բնոյթ։ Եւ երրորդ բաժինը՝ յօդւածներ են, որոնց թեմաներն են՝ ազգային, մշակութային, գաղափարական եւ պատմական…»:

Ա. Յ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button