Նոր հրատարակութիւն. Զարա Բաբայեանի «Կրկին Ծնւածները» վէպը՝ պարսկերէնով
Իրանական լրատւացանցերից տեղեկանում ենք, որ Թեհրանում գործող «Նարիման» հրատարակչութիւնը օրերս լոյս է ընծայել Զարա Բաբայեանի հեղինակած «ԿՐԿԻՆ ԾՆՒԱԾՆԵՐԸ» վէպը թարգմանութեամբ իրանահայ թարգմանչուհի՝ Անի Յովսէփեանի։
Վէպը, մոգական ռէալիզմի կառոյցով, բայց հիմնւած իրական հիմքերի վրայ՝ իւրայատուկ պատկերայնութեամբ պատմում է մի ընտանիքի ճակատագիրը, որը ինչ-որ կերպ գոյատեւել է օսմանեան կառավարութեան միջոցով իրականացւած Հայոց Ցեղասպանութեան ժամանակ:
Գրքի պարսկերէն թարգմանութեան լոյս ընծայման հետ միաժամանակ հրատարակւել է նաեւ Միացեալ նահանգներում ։
Երեւանի Պետական համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ֆակուլտետի շրջանաւարտ՝ Զարա Բաբայեանը ծնւել է Երեւանում։ 1993 թւականին մեկնել է Շւեյցարիա՝ շարունակելու ուսումը հոգեբանութեան ոլորտում։ Նրա առաջին գիրքը լոյս է տեսել 2012 թւականին եւ արժանացել տարւայ լաւագոյն գիրք մրցանակին։
Գրքի մի հատւածում կարդում ենք. «․․․Սուլոց ու ֆշշոց լսւեց, ու չգիտես որտեղից յայտնւած՝ օդի շիթերից հիւսւած իրանով անհասկանալի հրէշի ձեռքերի ու ոտքերի պէս անողոք միասնութիւն դարձած չորս օձ հողմի պէս օդ թռան ու վերեւից յարձակւեցին մարդասպանների վրայ՝ սուր ատամները խրելով նրանց մարմինները»:
Շապիկի խորհրդանկարը գործն է Ջուլիա Մարգարէտ Քամերոնի, ով վերապրել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Այդ ստեղծագործութիւնը ներկայումս գտնւում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան թանգարանում: Գիրքը խմբագրել է Բիթա Դարաբին։
«Կրկին ծնւածները» վէպը, տպագրւել է 2024 թւականի ձմռանը 140 էջով։ Գինն է՝ 150 հազար թուման արժողութեամբ եւ արդէն ընթերցողների տրամադրութեան տակ է դրւած գրախանութներում։
Ա․ Յ․