Մահմուդ Քալարին կը նախագահի «Ոսկէ ծիրան»-ի Տարածաշրջանային մրցոյթի ժիւրին

Աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կը նախագահի «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի Տարածաշրջանային մրցոյթի ժիւրին։ Այս մասին յայտնում են փառատօնի մամուլի ծառայութիւնից։
«Ոսկէ ծիրան»-ի հիւրերի շարքերում պարբերաբար յայտնւել են նոր իրանական կինոյի ռահվիրաները՝ Աբաս Քիառոստամին, Մոհսէն Մախմալբաֆը, Ջաֆար Փանահին եւ Ասղար Ֆարհադին։ Այժմ հանդիսատեսը կը տեսնի այն մարդուն, որը, տեսախցիկը ձեռքին, նկարահանել է վարպետների ֆիլմերից շատերը։
1980-ականներից ի վեր՝ Քալարին վեց տասնեակից աւելի կինոնկարի ստեղծման է մասնակցել, իսկ նրա լուսանկարչական աշխատանքները ցուցադրւել են աշխարհի տարբեր ծայրերում։
Ֆարհադիի «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծութիւնը», Փանահիի «Խաղից դուրս»-ը, Դարիուշ Մեհրջուիի «Լէյլան», Քիառոստամիի «Քամին մեզ կը տանի»՝ սրանք ընդամէնը մի քանիսն են այն հանրայայտ ֆիլմերից, որոնք Մահմուդ Քալարին օգնել է լոյս աշխարհ բերել։
Երեւանի «Ոսկէ ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատօնը կանցկացւի 2026 թւականի յուլիսի 12-19-ը։ Այս տարի եւս կինոփառատօնը կը ներկայացնի մրցութային եւ արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ ֆիլմեր հեղինակաւոր միջազգային կինոփառատօններից՝ ներառեալ Կաննը, Բեռլինը եւ այլ առաջատար կինոհարթակներ։
Փառատօնի ընթացքում Հայաստան կը ժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ եւ ոլորտի մասնագէտներ, որոնք իրենց փորձն ու արւեստը կը ներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխօսութեան, նոր գաղափարների եւ մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։



