Մշակութային

Ընթերցողական դիտարկումներ՝ Նորվանի «Ցաւը» վիպակի շուրջ. Ընթերցողը պատմւածի եւ չպատմւածի միջեւ

ՀԱՏԻՍ

 

Գրական ստեղծագործութեան արժէքը պայմանաւորւած չէ միայն նրանով, թէ ինչ է պատմում հեղինակը։ Ոչ պակաս կարեւոր է, թէ ինչպէս է նա պատմում, ինչպէս է ընթերցողին հասցնում իր հերոսների ապրումներին, եւ, ի վերջոյ, որքան տեղ է թողնում նրան՝ սեփական պատկերացումների, հետեւութիւնների ու վերապրումների համար։

Միեւնոյն դէպքը տարբեր ձեւերով պատմելու դէպքում կարող է բոլորովին տարբեր ազդեցութիւն ունենալ։ Գրողը կարող է մանրամասն բացատրել իրադարձութիւններն ու կերպարների վարքագիծը կամ ընդամէնը մի քանի նշան թողնել՝ ընթերցողին վստահելով դրանց իմաստը վերականգնելու աշխատանքը։ Առաջին դէպքում ընթերցողին առաջնորդում են, երկրորդում՝ նրան դարձնում պատմութեան ընկալման գործուն մասնակից։

Նորվանի «Ցաւը» վիպակը կարդալիս այս տարբերութիւնը դառնում է ընթերցողական ուշադրութեան առանցքային հարցերից մէկը։

Վիպակում ներկայացւող քաղաքային կեանքի դէպքերն ու մանրամասները բացում են գիւղական միջավայրից քաղաք տեղափոխւած մարդկանց աշխարհը։ Սակայն քաղաքը այստեղ սոսկ աշխարհագրական նոր տարածք չէ։ Այն նոր յարաբերութիւնների, վարքագծի, ինքնահաստատման, իսկ երբեմն էլ օտարութեան միջավայր է։ Հերոսների կեանքը բացայայտւում է նրանց շուրջ ծաւալւող իրադարձութիւնների, յիշողութիւնների ու ապրումների միջոցով։

Այստեղ առաջանում է մի կարեւոր հարց. երբ կերպարը դառնում է իր միջավայրի եւ ապրած ժամանակի հիմնական վկան, նա միայն պատմութեան մասնակի՞ց է, թէ՞ նրա վրայ է դրւում նաեւ այդ պատմութիւնը ներկայացնելու բեռը։

Սա այն կէտն է, որտեղ պատմողական եղանակն անմիջականօրէն ազդում է ընթերցողի ընկալման վրայ։ Մանրամասն նկարագրութիւնը կարող է օգնել հասկանալու կերպարին ու նրա միջավայրը, սակայն դրա շարունակական կուտակումը երբեմն հարթեցնում է պատմութեան ներքին լարումը։ Այդպէս տարբեր դէպքեր, որոնք կարող էին ունենալ իրենց առանձնայատուկ ռիթմն ու ազդեցութիւնը, սկսում են զարգանալ միեւնոյն տեմպով։ Ընթերցողը տեղեկութիւն է ստանում, բայց միաժամանակ գուցէ սահմանափակւի նրա մասնակցութեան տարածքը։

Խնդիրը նկարագրութեան երկարութեան կամ կարճութեան մէջ չէ։ Գրականութիւնը չի կարող սահմանափակւել միայն ակնարկներով, ինչպէս եւ պարտաւոր չէ բացատրել ամէն ինչ։ Հարցը չափի, ռիթմի եւ ընտրութեան մէջ է. որքա՞ն պէտք է գրողը պատմի, եւ ո՞ր պահին պէտք է կանգ առնի, ընթերցողին թողնելով սեփական հետեւութիւնը կատարելու հնարաւորութիւնը։

Այս հարցը մեզ տանում է նաեւ գրականութեան եւ իրականութեան յարաբերութեան խնդրին։

Հայերէն արձակ կարդալիս, յատկապէս իրանահայ իրականութեան մէջ, երբեմն կարելի է նկատել մի առանձնայատուկ ընթերցողական մօտեցում. գեղարւեստական գործը դիտարկւում է գրեթէ վաւերագրական ակնկալիքով։ Ընթերցողը փորձում է հասկանալ՝ ո՞վ է հերոսը իրական կեանքում, ո՞ր դէպքի մասին է խօսքը, ո՞ւմ է յիշեցնում այս կամ այն կերպարը։ Երբ գրականութիւնը պատմում է մեզ ծանօթ միջավայրի մասին, բնական է, որ ընթերցողը փնտրի իր ապրած աշխարհի հետքերը։

Սակայն իրականութիւնը ճանաչելը դեռեւս չի նշանակում ընկալել գրականութիւն։

Գրական ստեղծագործութիւնը կարող է պահպանել ժամանակի, մարդկանց ու միջավայրի հետքերը, բայց նրա գեղարւեստական արժէքը չի սահմանափակւում ծանօթ դէմքերի կամ դէպքերի ճանաչմամբ։ Գրողը պէտք է գտնի այն ձեւը, որով իրականութիւնը վերածւում է գեղարւեստական փորձառութեան։ Հակառակ դէպքում ստեղծագործութիւնը կարող է մնալ որպէս իր ժամանակի հետաքրքիր վկայութիւն, բայց ժամանակի անցման հետ կորցնել ընթերցողին ներգրաւելու ուժը։

Վաւերագրական շունչը թերութիւն չէ։ Ընդհակառակը, այն կարող է ստեղծագործութեան կարեւոր արժանիքներից մէկը լինել։ Հարցն այն է, թէ ինչպէս է գրողը յաղթահարում իրականութեան պարզ վերարտադրութիւնը եւ բացայայտում դրւագի ներքին կառուցւածքը։

Այս խնդիրը յատկապէս կարեւոր է մեր արձակի համար։ Երբեմն մտածում ես ինչո՞ւ է հայերէն գրական միջավայրում բանաստեղծական արտայայտութիւնը շատ աւելի բնական ընկալւում, քան արձակ պատմելու ազատ ու շարժուն ձեւը։ Արդեօ՞ք մեր առօրեայ շփումների ժամանակ բաւարար ուշադրութիւն ենք դարձնում խօսքի բնական ընթացքին, նախադասութեան շարժմանը, երկխօսութեան կենդանութեանը։ Թէ՞ երբեմն գեղեցիկ արտայայտութեան ձգտումը խանգարում է կեանքի բնական խօսքը լսելուն։

Սրանք հարցեր են, ոչ թէ պատրաստի դատավճիռներ։

Այս առումով յատկանշական է նաեւ մանկական գրականութեան օրինակը։ Լաւ մանկագիրը չի թերագնահատում ընթերցողին, բայց եւ չի ծանրաբեռնում նրան։ Նա կարողանում է պարզութեամբ ներկայացնել բարդ զգացումներ ու իրավիճակներ։ Պարզութիւնը մակերեսայնութիւն չէ. շատ դէպքերում այն գրողական վարպետութեան արդիւնք է, իմանալ, թէ ինչն ասել եւ ինչը թողնել ընթերցողի երեւակայութեանը։

«Ցաւը» վիպակում կան մանրամասներ, որոնք իրենց պարզութեամբ երբեմն աւելի շատ բան են ասում, քան երկար բացատրութիւնները։ Այդպիսի մի դետալ է համայնքային թերթի մասին դրւագը: Այն, որ «թերթը սովորաբար թերթում են վերջից»։

Այս փոքր սովորոյթը միայն ընթերցանութեան ձեւ չէ։ Այն կարող է ամբողջ միջավայրի մասին տեղեկութիւն տալ, ինչն է համայնքի համար կարեւոր, ինչպէս է մարդը մօտենում իրեն պատկանող տեղեկատւական աշխարհին, ինչպէս են ձեւաւորւում համայնքային ինքնութեան առօրեայ դրսեւորումները։ Յատկապէս հաշւի առնելով ժամանակաշրջանը, նման մանրուքներ թւացող իրականութիւնները դառնում են ոչ միայն կենցաղային յիշողութիւն, այլեւ հասարակական վարքագծի նշան։

Այստեղ հեղինակը կարծես փոքրիկ դուռ է բացում դէպի մի ամբողջ միջավայր։ Եւ ընթերցողն ինքն է անցնում այդ դռնով տեքստի մէջ բերելով իր փորձառութիւնն ու պատկերացումները։

Հետաքրքրական է նաեւ «Ցաւը» վիպակի կերպարների եւ Նորվանի բանաստեղծական աշխարհի միջեւ նկատւող հակադրութիւնը։ Բանաստեղծութիւններում կարելի է հանդիպել ներքին յամառութեան, դիմադրութեան, չզիջելու տրամադրութեան։ Արձակում, ընդհակառակը, կերպարները յաճախ աւելի խոցելի են, անվստահ, իրենց միջավայրի եւ հանգամանքների առաջ են կանգնում առանց յստակ ինքնահաստատման։ Նրանցից շատերը, յատկապէս առանցքային կերպարները, կարծես դժւարանում են ոչ միայն պաշտպանել իրենց ցանկութիւնները, այլեւ ճանաչել սեփական իրաւունքների սահմանները։

Սա ինքնին գրական թերութիւն չէ։ Գրականութիւնը պարտաւոր չէ ստեղծել ուժեղ ու ինքնավստահ հերոսներ։ Սակայն կարեւոր է, թէ ինչպէս է ներկայացւում այդ անվստահութիւնը։ Տեսնո՞ւմ ենք, թէ ինչպէս է այն ձեւաւորւում մարդու մէջ, ինչպէս է ազդում նրա որոշումների վրայ, թէ՞ հիմնականում առերեսւում ենք դրա հետեւանքներին։

Տարբերութիւնը էական է։ Երբ կերպարի վարքագիծը ներկայացւում է որպէս արդէն ձեւաւորւած իրողութիւն, ընթերցողը կարող է խղճալ նրան, բայց պարտադիր չէ, որ հասկանայ նրա ներքին շարժառիթները։ Իսկ երբ գրողը կարողանում է ընթերցողին մօտեցնել այդ ներքին աշխարհին, նա կարող է չհամաձայնել հերոսի հետ, բայց հասկանալ նրան։ Աւելին, երբեմն տեսնել այն, ինչը նկատելի չէ հերոսի համար:

Վիպակի աւարտին ընտանեկան լուսանկարների ալբոմը ձեռք է բերում առանձնայատուկ նշանակութիւն։ Լուսանկարը պահպանում է դէմքը, երբեմն ամբողջ ընտանիքի ներկայութեան պատրանքը։ Բայց այն չի վերադարձնում ապրած կեանքը։ Լուսանկարի մէջ մարդիկ շարունակում են մնալ կողք-կողքի, մինչդեռ իրականութեան մէջ նրանց միջեւ եղած ժամանակի տարածութիւնը, կորուստներն ու բացակայութիւնները ոչ մի պատկեր չի կարող ամբողջութեամբ վերականգնել։

Այս պատկերն առնչւում է նաեւ վիպակի կառուցւածքին։ Աւարտը միաժամանակ անաւարտութեան զգացում է թողնում եւ դառնում յստակ եզրափակիչ կէտ։ Կարծես պատմութեան տարբեր կորուստներն ու խզումները վերջում հաւաքւում են մի ընտանեկան լուսանկարի մէջ։ Ընթերցողն ինքն է մտովի լրացնում այդ պատկերը, իրար մօտեցնելով պատմութեան բեկորները։

Թերեւս այստեղ է նաեւ վիպակի պատմողական առանձնայատկութեան մասին դիտարկումների իմաստային հանգոյցը։ Գրականութիւնը կարող է մանրամասն ներկայացնել կեանքը, պահպանել նրա դէպքերն ու հետքերը, բայց չի կարող այն ամբողջութեամբ վերականգնել։

Գուցէ գրականութեան եւ ընթերցողի հանդիպման ամենակարեւոր պահը հէնց այնտեղ է, որտեղ պատմութիւնը դադարում է բացատրել ամէն ինչ, իսկ ընթերցողը շարունակում է մտքում հիւսել չասւածը…

Related Articles

Back to top button