
Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում տեղի ունեցաւ ՆՈՐՎԱՆ-ի «Ցաւը» վիպակի շնորհանդէսը։ Այն հեղինակի արձակ ստեղծագործութիւնների երրորդ գիրքն է։
Գրական երեկոն մեկնարկեց Իռէն Աբնուսեանի բացման խօսքով։ Այնուհետեւ ելոյթներով հանդէս եկան կինօքննադատ եւ վաւերագրող Ռոբերտ Սաֆարեանը, «Շարիֆ» համալսարանի դասախօս Շանթ Բաղրամեանը եւ «ԱԼԻՔ» օրաթերթի լրագրող ՀԱՏԻՍ-ը։
Ռոբերտ Սաֆարեանն իր խօսքում կարեւորեց իրանահայ գրական միջավայրում հայերէն արձակ ստեղծագործութիւնների առկայութիւնը՝ անդրադառնալով նաեւ «տեղական գրականութեան լեզու» հասկացութեան։ Նրա դիտարկմամբ՝ այդ հասկացութեան շուրջ ձեւաւորւած բացերից մէկն էլ հանրութեան եւ ընթերցանութեան միջեւ կապի թուլացումն է։
Շանթ Բաղրամեանն անդրադարձաւ վիպակի բովանդակութեանն ու պատմութեան զարգացմանը, առանձնացնելով ընթերցողի համար շօշափելի մարդկային իրողութիւնները։ Այս համատեքստում նա զուգահեռ անցկացրեց Լեւ Տոլստոյի՝ «Աննա Կարենինա» վէպի հանրայայտ մտքի՝ «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, իւրաքանչիւր դժբախտ ընտանիք դժբախտ է իւրովի», եւ ՆՈՐՎԱՆ-ի վիպակի կերպարների ապրումների ու նրանց ճակատագրերի միջեւ։
Բաղրամեանը խօսեց նաեւ ՆՈՐՎԱՆ-ի ստեղծագործական ձեռագրի եւ պատկերաւոր մտածողութեան մասին իր դիտարկումները հիմնաւորելով գրքից ընթերցւած հատւածներով։
Ադիս Իսաղուլեանն իր հերթին վիպակին մօտեցաւ ընթերցողի դիտանկիւնից, փորձելով բացայայտել պատմութիւնը ընթերցողին փոխանցելու հեղինակի կարողութիւնը։ Նա նաեւ զուգահեռներ անցկացրեց ՆՈՐՎԱՆ բանաստեղծի եւ արձակագրի ստեղծագործութիւններում կերտւած կերպարների միջեւ ընդգծելով դրանց տարբերութիւններն ու գրական արտայայտչամիջոցները։
Երեկոյի աւարտին ՆՈՐՎԱՆ-ը շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին եւ ելոյթ ունեցողներին, եւ անդրադարձաւ վիպակի ստեղծման հանգամանքներին։ Նա նշեց, որ գիրքը գրել է պատերազմի օրերին, եզրափակելով խօսքը խորհրդանշական մաղթանքով. «…եթէ նման պայմաններում հարկ լինի եւս մէկ գիրք գրել, ապա շատ աւելի լաւ կը լինի, որ նման առիթներ այլեւս չլինեն…»։







