«Արեւելք». «Լաթաքիայում զոհւած հայերը ոչ թէ պատահաբար կրակոցներից են մահացել, այլ միտումնաւոր սպանւել են»

«ԱԼԻՔ» – Լաթաքիայում երէկ զոհւած հայերը ոչ թէ պատահական կրակոցների զոհ են դարձել, այլ նրանց սպանել են, յայտնում է «Արեւելք»-ը, տեղեկացրել է news.am-ը։
Աղբիւրի տեղեկութիւններով՝ հայր եւ որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալիս կանգնեցրել եւ կրակելով սպանել են։ Թէ բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ յայտնի չէ։
«Մեր տեղեկութիւններով, Բուտրոսները այն քչաթիւ հայերից են, որ ծնւել են Ասադների ծննդավայր Կարդահայում, եւ այսօր պատմական այդ գիւղի միակ հայ ընտանիքն են։ Սպանւածներից հօր ծեր ծնողները դեռեւս բնակւում են Կարդահայում։ Բուտրոսները տուն ունեն նաեւ Լաթաքիայում, իսկ դէպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնէական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գիւղից։
Լաթաքիայի Սուրբ Աստւածածային եկեղեցում նոյն օրը կատարւել է նրանց հոգեհանգստեան արարողութիւնն ու թաղման կարգը, որից յետոյ՝ յուղարկաւորութիւնը։
Հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսները, «Արեւելք»-ի տեղեկութիւններով, պատկանում են Մերձաւոր Արեւելքում գոյութիւն ունեցող մի ինքնատիպ հայկական համայնքի, որը յայտնի է «հին հայեր» անւամբ։ Այս համայնքի ներկայացուցիչները, հիմնականում արաբախօս լինելով, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ են, ձգտում են պահել հայկականութիւնն ու ինքնութիւնը, որը դարերի ընթացքում նահանջել է»,- յայտնում է աղբիւրը։
Յիշեցնենք, որ արդէն մի քանի օր է՝ Սիրիայի ծովափնեայ շրջաններում՝ յատկապէս նախկին նախագահ Բաշշար Ասադի ազգակիցներով՝ ալաւիներով բնակեցւած Լաթաքիայում եւ Տարտուսում զինւած բախումներ են նրա կողմնակիցների եւ անվտանգութեան ուժերի միջեւ։ Տարբեր աղբիւրներից տեղեկութիւններ են ստացւում, որ կառավարական ուժերի կողմից հարիւրաւոր ալաւիներ են սպանւել։ Մարդու իրաւունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնի տւեալներով՝ կառավարական ուժերը քաղաքացիական անձանց շրջանում շուրջ 350 ալաւիների են սպանել։