ԻրանՏնտեսական

Արա Շահվերդեան. «Յուսանք Իրանը շուտով ԵԱՏՄ-ի լիիրաւ անդամը կը դառնայ»

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ դեկտեմբերի 4-ին, Թեհրանի Միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում մեկնարկեց Եւրասիայի երկրորդ մասնագիտական ցուցահանդէսը, հետեւեալ նպատակով՝ «Զարգացնել տնտեսական յարաբերութիւնները Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան եւ Պարսից ծոցի համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների հետ»:

Բացման հանդիսութիւնը մեկնարկեց Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Աբբաս Ալիաբադիի, նաեւ ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարար Անդրէյ Սլեփնեֆի ելոյթներով: Ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, երկրի պետական այրեր, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հարոյեանը եւ իր գլխաւորած պատւիրակութիւնը, Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ, այդ թւում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը: Ցուցահանդէսին Հայաստանից մասնակցել էին բազմազան ոլորտների ընկերութիւններ:

Առիթը պատեհ համարելով, ցուցահանդէսի մասին զրուցեցինք Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ:

Զրոյցի ընթացքում պատգամաւորը անդրադառնալով ցուցահանդէսին, ընդգծեց. «Նախ ուրախալի երեւոյթ է, որ այս ցուցահանդէսին Հայաստանից մասնակցել են մէկ տասնեակից աւելի ընկերութիւններ: Յատկանշական է, որ առայժմ Իրանը ԵԱՏՄ մնայուն անդամը չէ եւ դիտորդի կարգավիճակ ունի, սակայն, յուսանք, որ մօտ ապագայում Իրանը կը դառնայ լիիրաւ անդամ, եւ ակնկալում ենք այս հարցով անդամ երկրների, ինչպէս՝ Ղազախստանի, Կիրգիզստանի, Բելոռուսիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցութիւնը»: Նա նշեց. «Հանրապետութեան նախագահ դոկտ. Ռէյիսին նախագահութեան առաջին իսկ օրւանից, խիստ կարեւորւել է տարածաշրջանի երկրների եւ յատկապէս հարեւան երկրների հետ յարաբերութիւնների առաւել սերտացումը եւ այս առումով Եւրասիայի երկրներից ամենամօտը Իրանին, հարեւան եւ սահմանամերձ Հայաստանն է, որը որպէս դարպաս է դէպի Եւրասիա: Իրանը այս ոլորտում աշխատանք է ծաւալում, որպէսզի տնտեսական յարաբերութիւնը զարգացնի Հայաստանի հետ, որպէս Եւրասիայի անդամ երկրի: Բարեբախտաբար, Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնները աճ են արձանագրել՝ գերազանցելով մէկ միլիարդ դոլարը: Նպատակ է հետապնդւում առեւտրական փոխանակումների ծաւալը հասցնել երեք միլիարդ դոլարի»:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ մաքսային հարցերին, Արա Շահվերդեանը նշեց. «Աշխատանք է ծաւալւում Մեղրիում եւ Նորդուզում Իրանի ու Հայաստանի մաքսատներն աւելի բարւոք վիճակի բերել, քանի որ երբ Իրանը դառնայ ԵԱՏՄ լիիրաւ անդամ հնարաւոր կը լինի զարգացնել առեւտրա-տնտեսական յարաբերութիւններն այս մաքսատների միջոցով մինչեւ Կասպից ծով եւ Չաբահար: Մի խօսքով՝ հարաւ-հիւսիս միջանցքով, որը ձգւում է Հնդկաստանից մինչեւ Չաբահար նաւահանգիստը, իսկ Հայաստանից դէպի Սեւ ծով, Ռուսաստան եւ եւրոպական երկրներ, այս առումով Իրանը աշխատանք է ծաւալում: Այս հարցով կարեւոր է նաեւ երկու երկրների ենթակառուցւածքների բարելաւումը եւ քանի որ Իրանը տեխնիկական ու ճարտարագիտական գիտութեան առումով շատ յաջողակ երկիր է, ուստի չի խնայում իր ջանքը ենթակառուցւածքների վերանորոգման ու զարգացման ուղղութեամբ»: Անդրադառնալով նման ցուցահանդէսների կարեւորութեանը, պատգամաւորը նշեց. «Ինչպէս Իրանի առեւտրի նախարարն ընդգծեց իր բացման ելոյթում, նման ցուցահանդէսներն աւելի են նպաստում մօտկից ծանօթանալու երկրների բազմաոլորտ հնարաւորութիւններին, եւ յուսանք, որ նման քայլեր կը նպաստեն Իրան-Հայաստան եւ Իրան-ԵԱՏՄ յարաբերութիւնների զարգացմանը»:

Յատկանշական է, որ Արա Շահվերդեանը այցելեց ցուցահանդէսին մասնակից Իրան-Հայաստան առեւտրի պալատի, նաեւ Հայաստանից մասնակից տաղաւարներ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button