«Թուրքիան միեւնոյնն է ստանում է ամէն ինչ ցանկանում է. Սիւնիքից մինչեւ Տաւուշ». Արամ Շահնազարեան
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Թուրքիայում աւարտւել են ՏԻՄ ընտրութիւնները։
Հրապարակւած նախնական տւեալներով, երկրի երեք խոշոր քաղաքներում` Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում եւ Իզմիրում յաղթում են ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» կուսակցութեան թեկնածուները` Էքրեմ Իմամօղլուն, Մանսուր Եաւաշը եւ Ջեմիլ Թուգայը, որոնք առաջ են անցել իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան թեկնածուներից` Մուրադ Քուրումից, Թուրգութ Ալթինոքից եւ Համզու Դաղից։
Ստամբուլում, ընտրութիւններում առաջատար է գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը հաւաքել է ընտրողների ձայների 50.27 տոկոսը։
Անկարայում գործող քաղաքապետը նոյնպէս ընդդիմադիր թեկնածու Մանսուր Եաւաշն է։ Նաստացել է ձայների 58.58 տոկոսը։
Իզմիրում յաղթում է Ջեմիլ Թուգայը` ձայների 48.06%-ով։
Կարեւոր է յատկապէս Ստամբուլի ընտրութիւններում Էքրեմ Իմամօղլուիի յաղթանակը, որը վերջին 20 տարում, իրաւացիօրէն համարւում է Էրդողանի երբեւէ ամենավտանգաւոր մրցակիցը եւ, հաւանաբար, 2028 թ. կայանալիք նախագահական ընտրութիւններում կը ներկայացնի ընդդիմութեանը։
Իմամօղլուիի յաղթանակը կարեւորում է յատկապէս այն հանգամանքով, որ քեմալականների թեկնածուն անթաքոյց վայելում է Արեւմուտքի, մասնաւորապէս` ԱՄՆ–ի հովանաւորութիւնը, իսկ սա չափազանց կարեւոր է լինելու հարաւ կովկասեան տարածաշրջանի իրադարձութիւնների համար, յատկապէս Հայաստանի հետ կապւած իրադարձութիւնների կտրւածքով։
Այս համատեքստւմ չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն կարծիքի հետ, որ եթէ անգամ չորս տարի անց եւս շարունակւի այն քաղաքականութիւնը, որը վարում է Արեւմուտքը ՀՀ–ի նկատմամբ, եւ եթէ այդ քաղաքականութիւնը չորս տարի անց եւս Հայաստանին սիրաշահելու մասին լինի, ինչպէս հիմա, Թուրքիան միեւնոյնն է ստանում է ամէն ինչ՝ ցանկանում է Սիւնիքից մինչեւ Տաւուշ։ Դա Արեւմուտքի հարաւկովկասեան տարածաշրջանային գլոբալ քաղաքականութեան անքակտելի եւ կարեւոր բաղադրիչն է»: