ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՈՐՊԷՍԶԻ ՉՄՆԱՆՔ ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԵԱՆ ԽԱՐԱՆԻ ՏԱԿ

Գաղտնիք չէ, որ հասարակական կարծիքը ապակողմնորոշելու, հանրային-հաւաքական միտքը խեղելու արտաքին պատւէրը կատարելու նպատակով՝ պատմական փաստերն ու իրականութիւնը ծուռ հայելիի մէջ գլխիվայր ցոյց տալու համար, առաջին հերթին եւ գլխաւորաբար պէտք է անտեսել եւ ոտքի տակ տալ բարոյական սկզբունքներն ու չափանիշերը, մոռանալ ազգային ու մարդկային արժանապատւութեան մասին, լինել կամազուրկ, համակերպւել ոսոխի ոտքի տակ սողալու եւ նրա բոլոր պահանջներն ու քմահաճոյքները կատարելու փաստին:

Անհրաժեշտ է ունենալ այդ յատկութիւնների ամբողջութիւնը կամ դրանցից որեւէ մէկը, եւ տիրոջ պատւէրը կատարել կը ստացւի: Այսպէս, թէ այնպէս կը յաջողւի խաբել, մոլորեցնել ժողովրդին, ազդել նրա հաւաքական կարծիքի վրայ, այլանդակել նրա նկարագիրն ու էութիւնը, ձեւախեղել իրականութիւնն ու փաստերը եւ յաջողեցնել դաւադրութիւնը:

Հայոց Ցեղասպանութեան փաստի ուրացմանն ու նսեմացմանն ուղղւած ՀՀ գործող վարչապետի եւ իշխանութիւնների սադրիչ յայտարարութիւններն այդ կատեգորիայից են:

Ծանօթանալով դրանց բովանդակութեանը, պարզորոշ երեւում է, որ Փաշինեանն ու նրա քաղաքական թիմը ջանադրօրէն փորձում են Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը ներկայացնել ծուռ հայելու մէջ. «Մենք պէտք է հասկանանք, թէ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է դա տեղի ունեցել։ Եւ ինչպէս ընդունեցինք, ում միջոցով ընդունեցինք. ինչպէս եղաւ, որ 1939 թւին չկար Հայոց Ցեղասպանութեան օրակարգ, իսկ 1950 թւին այն յայտնւեց: Թէ ինչպէս է դա տեղի ունեցել, մենք պէտք է հասկանանք, թէ չպէտք է հասկանանք»,- բոլորիս յայտնի հանդիպմանը յայտարարել է Փաշինեանը:

Այս յայտարարութեան տողատակերում այնքան բացայայտ է արտայայտւած մութ նպատակների միտքը, որ անմիջապէս տեսանելի է դարձնում բուն նպատակն ու իրականութիւնը. խմբագրել հայ ժողովրդի պատմական ու հաւաքական յիշողութիւնը՝ տեղ բացելով Ցեղասպանութեան փաստի ժխտմանն ուղղւած, դար ու մէկ տասնամեակ շարունակ թուրքական իրարայաջորդ իշխանութիւնների մոգոնած ու կատարելագործած տեսութեան համար՝ «Իսկ միգուցէ նաեւ հայերն իրենք են պատասխանատու Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար, որը ոչ այլ ինչ է, քան «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», եւ որը վարպետօրէն օգտագործւում է այլ պետութիւնների կողմից թուրքական պետութեան վրայ ճնշում բանեցնելու համար»:

Տրամաբանօրէն, հայ մարդն այս տողերի կապակցութեամբ չպէտք է, որ բացատրութեան կարօտ լինի: Քանզի թէ՛ հեղինակը, եւ թէ՛ հասցէն դէպի մէկ ուղղութիւն են տանում, իսկ բովանդակութիւնը՝ պատմութիւնը եղծելու նոյն զինանոցից է, որն արդէն գործում է 110 տարի: Բայց այն ինչը, որ տեղի է ունենում մեր իրականութեան մէջ արդէն 7 տարի, մեզ ստիպում է լինել առաւել զգօն:

Այս տարիների մեր հաւաքական դառը փորձը մեզ յուշում է, որ ՀՀ գործող իշխանութիւնների եւ նրանց պարագլխի մօտ իրականութիւնները գլխիվայր ցոյց տալու, պատմութիւնը նենգափոխելու եւ դա հասարակութեան մեծամասնութեան կամ որոշակի հատւածի սեփականութիւնը դարձնելու գործը կրում է յստակ համակարգային բնոյթ, բազմաշերտ ու բազմաբովանդակ է, եւ կատարելագործւած: Այդպէս նրանց յաջողւեց զաւթել իշխանութիւնը, այդպէս է նրանց յաջողւել խուսափել /դեռեւս/ Արցախը յանձնելու եւ հայաթափելու, Հայաստանի ինքնիշխանութիւնը վտանգելու յանցանքի պատասխանատւութիւնից, եւ այդպէս նրանք կարող են յաջողեցնել մեզ՝ մեր սեփական պատմութիւնը ուրանալու յուդայական ճանապարհով տանելու ծրագիրը:

Մենք չպէտք է մոռանանք, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման խնդիր, եւ ազգային ինքնութեան հաստատման կարեւորագոյն գործօն է, այլեւ Հայաստանի անվտանգութեան համակարգի հիմնաքարերից: Երկու կարծիք լինել չի կարող. Հայոց Ցեղասպանութեան հարցը եղել եւ մնում է շատ կարեւոր զսպաշապիկ Թուրքիայի համար, որը չի թաքցնում իր տարածաշրջանային եւ վերտարածաշրջանային պանթուրքիստական նկրտումներն ու դրանց իրականացման նպատակով հայոց պետականութիւնը վերացնելու իր հրէշաւոր ծրագիրը: 

Յիշե՛նք. Թուրքիան երկար տարիներ շատ մեծ ջանքեր է ներդրել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն այլ հարթութիւն տեղափոխելու եւ մոռացութեան  տալու ուղղութեամբ:

Ցաւով պէտք է նշենք, որ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին մենք կանգնած ենք աննախադէպ մի իրողութեան առջեւ, երբ Հայաստանի վերանկախացումից ի վեր, առաջին անգամը լինելով, թուրքական այդ ջանքերին միացել է հայաստանեան գործող իշխանութիւնը, իսկ դա ոչ այլ ինչ է, քան պարզապէս ուրացում եւ դաւաճանութիւն:

Նրանք գիտեն, թէ ինչպիսի յանցանքի խարան են պատրաստւում կրել: Գիտեն նաեւ, որ չեն կարող դիմանալ այդ խարանի ծանրութեանը, ուստիեւ փորձում են դրանից բաժին հանել նաեւ ողջ հայութեանը: Այս իրողութիւնն է, որ պէտք է տեսնենք, հասկանանք, գիտակցենք ու մերժենք ազգովի:

Այլապէս, ինչպէս նրանք, մենք եւս կը մնանք ուրացման ու դաւաճանութեան խարանի տակ:

Related Articles

Back to top button