ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԿՈՎԿԱՍԻ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Թեհրան-Երեւան աշխարհագրութեան պարտադրած ռազմավարական անհրաժեշտութիւն

ԱՐՏՈՅՏ ԶՈՀՐԱԲԵԱՆ

Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս

 

Հարաւային Կովկասը այլեւս անցումային փուլում չէ։ Այն նոր աշխարհաքաղաքական կարգի ձեւաւորման դաշտ է։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից եւ դրան յաջորդած զարգացումներից յետոյ տարածաշրջանի նախկին հաւասարակշռութիւնը խախտւել է։ Ռուսաստանի աւանդական ազդեցութիւնը նւազել է, Արեւմուտքի ներկայութիւնն ընդլայնւել է, Թուրքիան եւ ադրբեջանը փորձում են իրենց նոր դիրքերը վերածել կայուն աշխարհաքաղաքական իրողութեան, իսկ Հայաստանը ձգտում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքական ուղղութիւնները։

Այս նոր իրականութեան մէջ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն այլեւս սովորական բարիդրացիական յարաբերութիւններ չեն։ Դրանք վերածւում են տարածաշրջանային հաւասարակշռութեան կարեւոր բաղադրիչի։

Կովկասը՝ Իրանի անվտանգութեան անմիջական միջավայր

Թեհրանի համար Հարաւային Կովկասը հեռաւոր ծայրամաս չէ։ Այն Իրանի ազգային անվտանգութեան անմիջական միջավայրի մասն է։

Իրան-Հայաստան սահմանը, չնայած իր սահմանափակ երկարութեանը, ունի անհամեմատ աւելի մեծ ռազմավարական նշանակութիւն։ Այն Իրանի միակ ցամաքային կապն է Հայաստանի հետ եւ կարեւոր դարպաս՝ դէպի Կովկաս, Սեւ ծով եւ Եւրասիա։ Հետեւաբար, Հայաստանի հարաւով անցնող հաղորդակցական ուղիների հարցը չի կարելի դիտարկել միայն որպէս ճանապարհաշինութեան կամ տարանցման ծրագիր։ Այստեղ հարցը ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ տարածաշրջանային ուժերի հաւասարակշռութեան մասին է։

Այս համատեքստում TRIPP-ի ներկայ փուլը էական փոփոխութիւն է ներկայացնում։ Ծրագիրն այլեւս միայն քաղաքական կարգախօս չէ։ Հայաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ դրա իրաւական շրջանակը ձեւաւորւել է, իսկ գործնական իրականացման ուղղութեամբ աշխատանքները շարունակւում են։

Միաժամանակ, Երեւանի եւ Թեհրանի դիրքորոշումներում կարեւոր նրբութիւն է ի յայտ եկել։ Հայաստանի տարածքով հաղորդակցութիւն ստեղծելու սկզբունքն ինքնին այլեւս հիմնական վէճը չէ։ Հիմնական հարցն այն է, թէ ով է վերահսկելու այդ հաղորդակցութիւնը, ինչ իրաւական ռեժիմով եւ արդեօք այդ գործընթացը փոխելու է Հայաստանի ինքնիշխան տարածքի աշխարհաքաղաքական կարգավիճակը։ Ահա՛ այստեղ է Իրանի հիմնական մտահոգութիւնը։

Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի տարածքով արտատարածքային այնպիսի միջանցքի ստեղծումը, որը կարող է վերաձեւաւորել Իրանի հիւսիսային սահմանների ռազմավարական միջավայրը։ Սակայն տարածաշրջանային կապակցւածութեան սկզբունքը ինքնին չի հակասում Իրանի շահերին, եթէ պահպանւում է Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ ստեղծւում է փոխադարձ տնտեսական շահ։

Ժամանակն է՝ անվտանգութիւնից անցնելու տնտեսութեան

Թեհրան–Երեւան յարաբերութիւնների հիմնական մարտահրաւէրն այսօր միայն քաղաքական չէ։ Այն տնտեսական է։ Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնն աճել է, սակայն դեռեւս չի համապատասխանում նրանց աշխարհագրական եւ ռազմավարական ներուժին։ Այս իրականութիւնը պէտք է փոխւի։ Եթէ Թեհրանն ու Երեւանը խօսում են ռազմավարական գործակցութեան մասին, ապա այդ գործակցութիւնը պէտք է տեսանելի դառնայ ճանապարհների, երկաթուղիների, կամուրջների, էներգետիկ ենթակառուցւածքների եւ առեւտրական հոսքերի մէջ։

Երկրորդ սահմանային կամուրջը, երկաթուղային կապը, էլեկտրականութեան նոր հաղորդագծերը, գազային ենթակառուցւածքները, սահմանային առեւտուրը եւ Իրանի կապը Հիւսիս–Հարաւ ու Պարսից ծոց–Սեւ ծով հաղորդակցական ցանցերին՝ այլեւս միայն տնտեսական ծրագրեր չեն։ Դրանք ռազմավարական ենթակառուցւածքներ են։

Անվտանգութիւնը միայն սահմանապահներով չի պահպանւում։ Երբ երկու երկրների տնտեսական շահերը կապւում են միմեանց, այդ կապն ինքնին վերածւում է անվտանգութեան գործօնի։

Հայաստանը եւ աշխարհագրութեան անփոփոխ տրամաբանութիւնը

Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական միջավայրը նոյնպէս փոխւում է։ 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Նիկոլ Փաշինեանի քաղաքական դիրքի ամրապնդումը նոր փուլ է բացել Երեւանի արտաքին քաղաքականութեան համար։ Արեւմուտքի հետ համագործակցութիւնը խորանում է, իսկ Ռուսաստանի աւանդական ազդեցութիւնը Հայաստանի արտաքին քաղաքական հաշւարկներում նւազել է։

Սակայն կայ մի իրողութիւն, որը ոչ մի կառավարութիւն չի կարող փոխել՝ աշխարհագրութիւնը։ Հայաստանը կարող է ընդլայնել իր յարաբերութիւններն Արեւմուտքի հետ, բայց շարունակում է գտնւել Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ ադրբեջանի միջեւ։ Հետեւաբար, արտաքին քաղաքական բազմազանեցումը որքան էլ խորանայ, Թեհրանի հետ յարաբերութիւնը շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական հաշւարկի անհրաժեշտ բաղադրիչը։

Եւ այստեղ է, որ Իրանի եւ Հայաստանի շահերը կարող են հատւել։

Հայաստանին անհրաժեշտ են բազմակի ճանապարհներ՝ մէկ ուղղութիւնից կախւածութիւնը նւազեցնելու համար։ Իրանին, իր հերթին, անհրաժեշտ է ինքնիշխան եւ կայուն Հայաստան՝ իր կովկասեան կապը պահպանելու համար։ Այս երկու անհրաժեշտութիւնները միմեանց հակադիր չեն։ Ընդհակառակը՝ դրանք կարող են դառնալ երկարաժամկէտ ռազմավարական համագործակցութեան հիմք։

Կովկասի նոր պայքարը՝ ճանապարհների համար

Այսօր Կովկասում պայքարը միայն տարածքների համար չէ։ Պայքարը ճանապարհների, էներգիայի, շուկաների եւ ռազմավարական հասանելիութեան համար է։ Թուրքիան խորացնում է իր կապերը ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ բաքուն փորձում է իր քաղաքական ու ռազմական ձեռքբերումներն ամրագրել նոր հաղորդակցական քարտէզով։ Արեւմուտքը ձգտում է իր ներկայութիւնը վերածել տնտեսական եւ ռազմավարական ներկայութեան։ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցութեան մնացած լծակները։

Իսկ Իրանի առջեւ կանգնած է հիմնական հարցը. Պիտի՞ մնայ տարածաշրջանի հաղորդակցական նոր քարտէզի դիտորդը, թէ՞ պիտի դառնայ դրա ձեւաւորողներից մէկը։

Թեհրանի քաղաքականութիւնը պէտք է դուրս գայ միայն «կարմիր գծեր» գծելու տրամաբանութիւնից։ Կարմիր գիծը պէտք է ուղեկցւի այլընտրանքային առաջարկով։

Եթէ ուրիշները ճանապարհ են կառուցում, Իրանը պէտք է ունենայ իր ճանապարհը։ Եթէ ուրիշները ստեղծում են տարանցիկ ցանցեր, Իրանը պէտք է լինի այդ ցանցերի մէջ։ Եւ եթէ Հարաւային Կովկասը դառնում է նոր հաղորդակցական հանգոյց, ապա Իրանը պէտք է ապահովի, որ իր աշխարհագրական դիրքը չվերածւի աշխարհաքաղաքական անգործութեան։

Թեհրան–Երեւան. ռազմավարական անհրաժեշտութիւն

Հարաւային Կովկասի նոր իրողութիւնների պայմաններում ամենակարեւոր հարցերից մէկն այլեւս այն չէ, թէ ով է վերահսկելու այս կամ այն ճանապարհը։ Հարցն այն է, թէ ով է ձեւաւորելու տարածաշրջանի նոր կապակցւածութեան ճարտարապետութիւնը։

Հայաստանի եւ ադրբեջանի խաղաղութեան գործընթացը, TRIPP-ի իրականացումը, Հայաստան–Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը եւ Ռուսաստանի ազդեցութեան փոփոխութիւնը միասին վերաձեւաւորում են Կովկասի հաղորդակցական քարտէզը։ Այս նոր քարտէզում Իրանը չի կարող հանդիսատես լինել։

Թեհրան-Երեւան յարաբերութիւնը պէտք է դուրս գայ միայն քաղաքական յայտարարութիւնների շրջանակից եւ վերածւի իրական ենթակառուցւածքային առանցքի։ Կամուրջներ, երկաթուղի, էներգիա, առեւտուր եւ տարանցում՝ ահա՛ այն լեզուն, որով ռազմավարական յարաբերութիւնները վերածւում են իրականութեան։ Թեհրան-Երեւան առանցքը զգացական ընտրութիւն չէ։ Այն նաեւ ժամանակաւոր քաղաքական պայմանաւորւածութիւն չէ։ Այն աշխարհագրութեան պարտադրած ռազմավարական անհրաժեշտութիւն է։

Նոր Կովկասում ճանապարհն այլեւս միայն ճանապարհ չէ։ Այն ուժ է։ Այն անվտանգութիւն է։ Այն ազդեցութիւն է։ Եւ այն երկիրը, որը դուրս է մնում նոր ճանապարհների ճարտարապետութիւնից, վաղը կարող է դուրս մնալ նաեւ նոր Կովկասի քաղաքական քարտէզից։

Related Articles

Back to top button