Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պատերազմի դէպքում ինչ է սպասւում Ադրբեջանի Հանրապետութեանը

Իրանի եւ Բաքւի Հանրապետութեան միջեւ հնարաւոր պատերազմի մոդելաւորումները դարձել են համացանցային թրենդ

«ԱԼԻՔ» – Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ենթատեքստով զարգացումները յաճախ վառօդի հոտով են ուղեկցւում:  Նոյնիսկ կայ գործող պարադոքս, ինչի համաձայն պետութիւնները պէտք է պատրաստ լինեն՝ յանուն խաղաղութեան անցնել նաեւ պատերազմի միջով:

Իսկ եթէ կա՛րճ, ապա պէտք է հաշւի նստել այն փաստի հետ, որ պատերազմից առաջ, ինչպէս եւ պատերազմական պայմաններում, քաղաքացիական լրագրութիւնը արդէն իսկ կարեւոր դերում է: Այն անհամեմատ արագ է քան խոշոր ԶԼՄ-ները կարող են լինել:

Նոյն այս ձեւաչափով տեղեկատւական ալիքը լրահոսի վերածելով հնարաւոր է դառնում ճարպկօրէն տրամադրւածութիւնը ընդունել տալ տրամաբանութեան փոխարէն: Սրանով հնարաւոր է նաեւ յաջողութեամբ շրջանցել չորրորդ իշխանութիւն հասկացութիւնը: Նման բանի ականատեսն եղաւ նաեւ Հայաստանի ժողովուրդը, երբ դէ ֆակտօ վարչապետը պաշտօնական հարթակի փոխարէն նախընտրեց իր ելոյթները սահմանափակել «Ֆէյսբուք»-ի իր դիմատետրով, կամ իր ընտանեկան դեղին մամուլով:

Սենտիմենտալիզմից ու ամբոխային տրամաբանութիւնից խուսափելու համար միանգամից նշենք, որ անվերահսկելի թւացող այդ հարթակներն իրենց տեսակով ու բնոյթով, կարող են մինչեւ դէպքի տեղի ունենալը ուղղորդող նիւթերի ու «ներարկումների» օգնութեամբ հասարակութեանը ահաբեկելով ընդունելի դարձնել պարտւողի տրամադրութիւնը:

Նոյն գծով տեսանիւթերի «համաշխարհային բանկ» համարւող «YouTube»-եան եւ թէօ տարածքի միւս հարթակներում եւս թրենդ են դարձել Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան ենթադրեալ պատերազմի մասին կանխատեսումներով մեկնաբանութիւնները, որոնցում կողմերից իւրաքանչիւրը ներկայացւած է համապատասխան սպառազինութեամբ ու ռազմավարական կարողութիւններով:

Դրանց համանման լինելը առիթ տւեց համախառն արդիւնքով ներկայացնելու ենթադրեալ այդ պատերազմի մոդելաւորումը՝ հաշւարկւած օր ու յստակ ժամանակացոյցով, հետեւեալ սցենարով.

– Պատերազմի առաջին օրը բոլոր աւիաբազաները, ինչպէս նաեւ Բաքւի ռեժիմի զգայուն ռազմական կենտրոններն ու ԱԹՍ-ների պահեստները թիրախաւորւելու են օդային ու ցամաքային թեւաւոր հրթիռների, կամիկազէ անօդաչուների եւ բալեստիկ հրթիռների անշեղ հարւածներով։

– Յաջորդ փուլում կործանիչները օդ են բարձրանալու եւ միաժամանակ անօդաչու թռչողների յայտնաբերած ՀՕՊ համակարգերն են շարքից հանւելու: Այստեղ մեծ դեր է վերապահւած կամիկազէ Շահեդներին:

– Այս փուլից յետոյ, փաստացի կերպով Բաքւի բոլոր օդանաւակայաններն այլեւս շահագործման պիտանի չեն, իսկ անօդաչու թռչող սարքերի համար նախատեսւած բոլոր ստորաբաժանումները եւս շարքից դուրս եկած վիճակում աւերակների են վերածւել:

– Այս հարւածներից յետոյ, ինչը ստրատեգների շրջանակներում յայտնի է «Պողպատեայ բռունցք» օպերացիայի անունով, Իլհամին մնում է յանձնւել, հակառակ դէպքում Իրանի հարւածի յաջորդ թիրախն է լինելու նաւթային արդիւնաբերութիւնն ու բոլոր հոսքագծերը: Նաւթավերամշակման կենտրոններին հասցւած հարւածից յետոյ, կանգնելու է նաւթի արդիւնահանման եւ փոխադրման զարկերակը, որը Ալիեւի կառավարութեան եկամտի ամենակարեւոր աղբիւրն է:

– Այս փուլում յարձակումները կարող են զուգորդւել ծովային եւ օդային գործողութիւնների համադրութեամբ: Գործողութեան այս փուլում աշխատելու են ԶՈՒ ստորաբաժանումների ԱԹՍ եւ հրթիռազէնիթային համակարգեր:

– Եթէ Ալիեւի ռեժիմը շարունակի պնդել պատերազմը շարունակելու վրայ, ապա օրակարգ կը մտնի այդ երկրի ռազմավարական ու կենսական նշանակութեամբ  բոլոր յենակէտերի ոչնչացման փուլը։ Այս փուլում գրեթէ բոլոր էլեկտրակայանները, նաւթի եւ գազի փոխանցման կենտրոնները, վառելիքի պահեստները, զգայուն կամուրջներն ու կառավարական կենտրոնները, ինչպէս նաեւ պետական կարեւոր շէնքերը հողին են հաւասարեցւելու, իսկ Ալիեւի ռեժիմի կառավարութիւնը գործնականում կոմայի մէջ կը մտնւի:

– Յաջորդիւ Իրանը իջեցնելով պատրոյգը փորձելու է ներս մտնել բարեկամութեան դռնից, իհարկէ ներկայացնելով հրադադարի առաջարկ:

– Այս դէպքում Բաքւի ռեժիմը կա՛մ շարունակելու է պատերազմը՝ չունենալով բաւարար ուժ այն կառավարելու, յատկապէս,  աւելացնելով ժողովրդի դժգոհութիւնը, կամ՝ ստորագրում է կապիտուլիացիա, ընդունելով Իրանի թելադրած պայմանները, որի շրջագծում չէզոքացւելու  է նրա ողջ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ տրանսպորտային իրաւունքներն ու կարողութիւնը։

– Շուտով ենթակառուցւածքների բացակայութիւնը բերելու է Բաքւի իշխանութեան տապալմանը։

Ինչքան էլ, որ փորձ արւի բանականութեան սահմաններում ձեւակերպում տալով գնահատել քաղաքակիրթ համակարգերի ստեղծումն եւ դրանց ամրապնդմանն ուղղւած ջանքերը, ինչպիսին՝ Արցախում բազմիցս իրականացւած ընտրութիւններն ու ժողովրդի կամարտայայտման հիմքով պետականաշինութիւնն է վկայում, դարձեալ որոշողն իրենց շահերով առաջնորդւող պետութիւններն են:  Սկզբում մեր նշած պարադոքսը դարձեալ յիշեցնել է տալիս իրեն, սակայն այլ ձեւաչափում, յանուն բարօրութեան, նոյնիսկ կարելի է տապալել հազարամեակների հիմքով կառուցւած քաղաքակրթութիւնն ու կառուցւող ժողովրդավարութիւնը, որի թարմ վկան է Արեւմուտքի շահերի հետ անհամատեղելի Արցախի Հանրապետութեան գոյատեւումն ու ինքնորոշման իրաւունքի փորձը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button