Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մտահոգիչ է, որ դա արւում է յատկապէս Ապրիլի 24-ին ընդառաջ

Իշխանական պաշտօնեաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում թուրքական ծրագրային թեզերը, փորձ անում կասկածի տակ դնել, կամ առնւազն քննարկման առարկայ դարձնել Հայոց Ցեղասպանութեան փաստը։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման մտահոգութիւն է յայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խաչատուր Աբովեանի անւան պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը։

Նշենք, որ նախ Նիկոլ Փաշինեանն էր երիտասարդ ՔՊ-ականների համար դասախօսութեան ժամանակ խուսափել ցեղասպանութիւն արտայայտութիւնից եւ օգտագործել «Մեծ Եղեռն», «կոտորած» եզրոյթները։ Իսկ ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանն էլ բարձրացրել էր մէկ դար անց Հայոց Ցեղասպանութեան զոհերի նոյնականացման հարցը՝ ասելով, թէ անհրաժեշտ է հաշւառում սկսել Հայոց Ցեղասպանութեան զոհերի, որպէսզի ճշտւած լինեն նրանց անունները:

«Անդրանիկ Քոչարեանի ասածն աւելի վտանգաւոր է։ Ի՞նչ է նշանակում թերացել ենք, որ մինչեւ հիմա անուն առ անուն չենք ճշտել»,- նկատեց պատմաբանը՝ ընդգծելով, որ «Նախ՝ Հայոց Ցեղասպանութեան օրերից առաջ Օսմանեան կայսրութիւնում մարդահամար չէր արւում, յատկապէս Արեւմտեան Հայաստանում, եւ ստոյգ թիւ հիմա հասկանալ, այն էլ՝ անուն առ անուն, հնարաւոր չէ։ Փաստը մնում է փաստ, որ հսկայական հայ բնակչութիւն ապրում էր Օսմանեան կայսրութիւնում՝ իրենց տներում, զբաղւում հողագործութեամբ, արհեստով, արւեստով, սպորտով, մշակոյթով։ Յիշե՛նք Վանի արծաթագործների մի ողջ համքարութեանը, յիշե՛նք այդ երկրի Մեջլիսի պատգամաւորներին, գրողներին, լրագրողներին։ Նրանք կային ու յետոյ անյայտացան այդ կայսրութիւնից, ինչպէ՞ս դա եղաւ։ Փաստը մնում է փաստ, որ ցեղասպանութիւն է եղել։ Մարդիկ տեղահանւել են, յայտնւել Դեր Զոր անապատում, սպանւել։ Տանք նաեւ իրաւական ձեւակերպումը՝ եթէ տեղի է ունեցել մարդկանց նոյն ազգային պատկանելութեան խմբի ոչնչացում, դա կը լինի 1.5 մլն., թէ 1500 մարդ՝ ցեղասպանութիւն է»։

Դոկտոր, պրոֆեսորը որպէս օրինակ նշեց, որ սերբերի կողմից Բոսնիայում 7000 տղամարդու ոչնչացումը՝ արձանագրելով, որ կատարւածը ցեղասպանութիւն է, որովհետեւ նոյն ազգութեան, նոյն տեսակի խմբի պատկանող մարդկանց զրկել են կեանքից՝ տեսակը ոչնչացնելու նպատակով։

«Դա միաջազգային օրէնսդրութեան համապատասխան կոչւում է ցեղասպանութիւն»,- յստակեցրեց Խաչատուր Ստեփանեանը վստահեցնելով, որ թիւը կապ չունի։

Նրա խօսքով՝ վտանգաւորն այն է, որ փորձում են տեսակէտ մտնցնել, որ եթէ քիչ լինի, ուրեմն կարելի է կասկածի տակ դնել, առնւազն դարձնում են քննակման նիւթ։

2018 թւականից յետոյ, ինչպէս արձանագրել է Խաչատուր Ստեփանեանը, իշխանական պաշտօնեաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում բոլոր թուրքական ծրագրային թեզերը։ «Փաստինֆօ»-ի դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարեանը ԱԺ ճեպազրոյցների ընթացքում մասնաւորեցրել է, որ ուզում է իր հարազատ տատի եւ պապի կողմի անունները հաշւառւած տեսնել՝ պատմաբանն արձագանգեց. «Ուզո՞ւմ է, թ՛ող ճշտի, իմանայ, բայց դա այսօր, մէկ դար անց դա սարքել օրակարգ, հետն էլ ասել, որ եթէ չենք արել մինչեւ հիմա՝ թերացել ենք, ապա դրանից օգտւելու են թուրքերը»։

Ըստ պատմաբանի՝ Օսմանեանի Թուրքիայի չիրականացրած մարդահամարը աւելի քան մէկ դար անց մեր կողմից իրականացնելու փորձերն իրականում արդիւնք չեն տալու։

«Եկեղեցին ունէր տւեալներ, ծխական որոշ հաշւառում, բայց եղել է նաեւ մշակութային ցեղասպանութիւն, այդ մատեանները եւս շատ դէպքերում վերացւել են, ինչպէս վերացւել են շատ եկեղեցիներ։ Հիմա ի՞նչ, փաստերի ոչնչացումը չհամարե՞նք յանցագործութիւն։ Թուրքերն ի՞նչ են ասում՝ յատկապէս վերջին հաշտեցման ֆոնին, ասում են՝ «եկէ՛ք պատմաբանօրէն քննակենք», ուզում են դա պատմաբաններին թողնելու անւան տակ, դուրս բերել քաղաքական, իրաւական, դիւանագիտական դաշտից։ Կան նաեւ հայեր, որոնք բռնի թուրքացւել են, քրդացւել են։ Հիմա ի՞նչ, դա՞ էլ հաշւենք, թէ չհամարենք ցեղասպանութեան քայլերից։ Չէ, որ մահւան սպառնալիքով ազգութիւնը փոխել տալը, կամ փոքր երեխային գողանալն ու օտար մեծացնելը, էլի ցեղասպանութեան քայլերից է, նրանց ինչպէ՞ս ենք հաշւելու։ Գողացւած ու բռնի կնութեան տւած աղջիկների ինչպէ՞ս ենք հաշւելու»,- ասաց Ստեփանեանը՝ աւելացնելով. «Ներողութիւն 5000 զոհ ունէինք, վարչապետը պլիւս-մինուս էր խօսում, 5000 հոգու մէջ յստակ թիւ չունէր։ Հիմա անցել է 100 տարի։ Անհնար բան, հերթական կեղծ օրակարգն են մտցնում շրջանառութեան մէջ՝ մեր հիմնական խնդիրներից շեղելու համար»։

Պատմաբանը մտահոգիչ համարեց, որ դա արւում է յատկապէս Ապրիլի 24-ին ընդառաջ։

«Անվտանգային խնդիրներ ունենք՝ ներքին անվտանգութեան, արտաքին անվտանգութեան, սոցիալական խնդիրներ ունենք, էլի շեղում են, ընդորում՝ շեղում են կրկին թուրքական օրակարգով».- նշեց է Խաչատուր Ստեփանեանը։

Նա համոզւած է, որ Փաշինեանի կողմից այս օրերին անընդհատ նոր թէզերի շրջանառութեան մէջ դրւելը, տարբեր լսարաններում դասախօսութիւններ կարդալը ունեն գործողութիւնների յստակ տրամաբանութիւն։

«Կարող է ԱԺ խմբակցութիւնների ճեպազրոյցների ժամանակ անգամ իրենց քարտուղարն ասի, որ Փաշինեանը չի հերքում ու չի հերքելու Հայոց Ցեղասպանութիւնը, ասի, որ իրենց օրօք է ԱՄՆ սենատը ճանաչել։ Բայց չէ, որ դա էլ է սուտ։ Իենց իշխանութեան հետ պարզապէս համընկաւ։ Իրենց իշխանութիւնը բացարձակ կապ չունէր։ Ինչ իշխանութեան են եկել՝ Սփիւռքն էլ են պառակտել ու Սփիւռքում գործող հայ դատի գրասենեակների աշխատանքը, ԱՄՆ-ի այդ պահի քաղաքականութիւնը բոլորվին էլ կապ չունի իրենց հետ։ Նրանք մեր ինքնութեան հետ կապւած ամէն անգամ նոր թեզ են բերում, դիսկուրս սարքում, իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրում, Արարատն՝ Արագածի»,- նշել է դոկտոր, պրոֆեսորը՝ նման քննարկումները համարելով խիստ վտանգաւոր։

ՀՀ գործող իշխանութիւնները փորձում են մոռացութեան մատնել մեր ինքնութիւնը, բայց Խաչատուր Ստեփանեանը նկատեց, որ եթէ անգամ, մենք մոռանանք մեր ինքնութիւնը, թուքերը չեն մոռանալու, ադրբեջանցիները չեն մոռանալու։

«Իրենք իրենց երազանքով, արհեստական թեզերով առաջ կը գան, իսկ մենք՝ մոռանալն ու հանգիստ ապրելը երազելով դժւար էլ ապրենք»,- եզրափակեց նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button