Հայաստան - ԱրցախՄիջազգային

Արգիշտի Կիւիրեան. «ՀԱՊԿ-ի շուրջ վերջին իրադարձութիւնները կապւած են այն պայմանների հետ, որոնք Արեւմուտքը դրել է Երեւանի առաջ»

Արեւմուտքը մի շարք պայմաններ է դրել Հայաստանի առջեւ, ընդորում՝ վաղուց։ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները կատարում են այս պայմանները, եւ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծւած իրավիճակը տեղաւորւում է այս տրամաբանութեան մէջ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիւիրեանը։

Նրա խօսքով` Արեւմուտքը ձգտում է դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից եւ թոյլ չտալ Իրանի մուտքն այստեղ, ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումները հէնց դրա հետ են կապւած։

«ՀԱՊԿ առաքելութիւնը, եթէ այն կայանար, Հայաստանին ոչ մի վնաս չէր բերի։ Աւելին, դա կը հաւասարակշռէր ԵՄ դիտորդների ներկայութիւնը։ Հայաստանի իշխանութիւններն ասում են, որ ՀԱՊԿ-ից Երեւանի դուրս գալու հարց օրակարգում չկայ, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող առաջանալ։ Ամէն ինչ կախւած կը լինի տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից։ Եթէ ​​Ռուսաստանը թուլանայ, ապա Երեւանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ Մոսկւայի հետ կապւած այլ կազմակերպութիւններից»,- յաւելեց նա։

Ընդորում, Հայաստանին ոչ ոք այլընտրանքային անվտանգութեան բարձիկ չի առաջարկում, նշել է Կիւիրեանը։

«Հայաստանի իշխանութիւններն էլ են դա հասկանում, ուղղակի թքած ունեն, քանի որ ձգտում են միայն իրականացնել իրենց ծրագրերը։ Այս կողմից այն կողմ նետւելն արդէն յանգեցրել է Արցախի լիակատար կորստին, Արցախի հայաթափմանը եւ Հայաստանի գլխին կախւած սպառնալիքին, որը ոչ մի կերպ չի վերացւում։

Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ը որպէս առանձին սուբիեկտներ իրենց օրակարգում չեն ներառել Հայաստանին անվտանգութեան երաշխիքներ տրամադրելու հարցը։ Ադրբեջանն իր էներգետիկ ռեսուրսներով Արեւմուտքի համար կշեռքի վրայ աւելի ծանր դուրս եկաւ, քան հայ ժողովրդի շահերը, ուստի, իր հարցերը լուծեց պարտւող հայկական կողմի հաշւին»,- նշեց փորձագէտը։

Նա վստահ է, որ Արեւմուտքը պարզապէս ցանկանում է Հայաստանի ձեռքով հասնել տարածաշրջանից Ռուսաստանի եւ Իրանի դուրսբերմանը, իսկ յետոյ, առանց աչք թարթելու, կը զոհաբերի Հայաստանը, ինչն արեց Արցախի հետ։

«Բայց եթէ Արցախում լինէին, ասենք, ուրանի հանքեր կամ նաւթի հանքեր, ապա ակնթարթօրէն կը յայտնւէին առնւազն 10 երկիր, որոնք կը յայտնէին իրենց պատրաստակամութիւնը պաշտպանելու Հանրապետութիւնը»,- եզրափակեց Կիւիրեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button