Հայաստանի Հանրապետութեան վերջին վեց տարիների հասարակա-քաղաքական ու անվտանգային ախտորոշումների վերաբերեալ հազարաւոր վերլուծութիւններ ու գնահատականներ են հրապարակւել, որոնք այսօր բոլորի համար ակներեւ են դարձնում հետեւեալ փաստերի անհերքելիութիւնը։
1. «Թաւշեայ» յեղաշրջումը 2018-ին, պայմանաւորւած է եղել անգլոսաքսոնական ծրագրային այն միտումներով, որոնք ի կատար ածւեցին միջազգային ուժային այն կենտրոնների կողմից, որոնց տարածաշրջանային քաղաքականութեան ձեւաչափերում որեւիցէ տեղ վերապահւած չէր Ռուսաստանին։
2. Սոյն ծրագրի իրականացման ճամբին առաջին խոչընդոտը եղել է Արցախը, որի ադրբեջանականացմամբ՝ ուղղակիօրէն անիմաստ էր դառնում նոյնինքն ռուսական գործօնի ներկայութիւնը հարաւային Կովկասում։ Զուգահեռաբար, Ուկրաինայում ռուսների մխրճւածութիւնը, աւելի սահուն կերպով է իրականութիւն դարձրել անգլոսաքսոնների վերոգրեալ միտումը։
3. Նոյն ծրագիր-նպատակի համաձայն՝ հարաւային Կովկասում ռուսական գործօնը փոխարինւում է թուրք-ադրբեջանական տանդեմով, որպէս ՆԱՏՕ-ի շրջանային արբանեակներ, որոնք իրականացնելու են կոչւած այսպէս ասած՝ հաւաքական արեւմուտքի աշխարհագրա-քաղաքական փոքր ու միջին, ինչպէսեւ՝ հեռակայ նպատակները։
4. Թուրք-ադրբեջանական տանդեմի դերակատարումն երաշխաւորելու հիմնական խոչընդոտը, ինչպէս վերջին 100-ամեակին, հանդիսանում է Հայաստանի անկախ ու ինքնիշխան Հանրապետութիւնը, որի անվտանգային հիմնական երաշխիք Արցախը, ինչպէս նշւեց, հայաթափւեց:
5. Այժմ, անգլոսաքսոնական համընդհանուր ծրագիրը կենսագործելու գործընթացը Արցախից յետոյ, ներառում է բուն Հայաստանի տարածքը, որն էլ, ըստ այդ ծրագրի, պէտք է վերածւի ապահով հարթակի՝ իրականացնելու համար այսպէս ասած՝ ՆԱՏՕ-ա-թուրանական արեւմուտք-արեւելք ուղին (ներառեալ չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցք»-ը), տապալելու համար հիւսիս-հարաւ (Ռուսաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան) ուղղութիւնը։
6. Ահա, այսօր, ՀՀ հիւսիսային սահմաններից ներս՝ Տաւուշի գիւղերի շուրջ ադրբեջանական լկտի յաւակնութիւններն ու Հայաստանում ամէն գնով իշխանութիւնն պահող հայրենադաւների միակողմանի զիջումները, ոչ այլ ինչ են, եթէ ոչ՝ վերոգրեալ ծրագրի փուլային կենսագործման քայլերը։
7. Թէեւ դարձեալ «պատմական չարիքի» օրինաչափութեան համաձայն՝ «դանակը ոսկորին հասնելուց յետոյ», բայցեւ մեր հայորդիները Տաւուշում ոգի ի բռին դիմադրում են արտաքին ու ներքին թշնամիների դաւերին։
Առաւել ոգեւորիչն այն է, որ Տաւուշի քաջարի հայորդիների կեցւածքին ի տես, Հայաստանի այլեւայլ մարզերում եւս ու բուն մայրաքաղաք Երեւանում ժողովրդական տարբեր խաւեր բողոքում ու դատապարտում են կեղծ խաղաղութեան լոզունգներով, արդէն առաւել քան 6 տարի, լայն հասարակայնութեանը խաբած-մոլորեցրած իշխանախմբին։
8. Կարեւոր փաստ ու բնական երեւոյթ է իր ձեւով ու բովանդակութեամբ նոր, բայց ժողովրդական լայն խաւերի վստահութեանն արժանացող Հայոց Առաքելական Եկեղեցու անհերքելի դերակատարութիւնը։ Տւեալ դէպքում՝ նոյն Տաւուշեան թեմի հոգեւոր քաջարի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանի ուղեկցութեամբ, ինչպէս Տաւուշի, այնպէս էլ Հայաստանի միւս շրջանների հայորդիներ, մեծ վստահութեամբ ու ոգեւորութեամբ իրենց արդար ցասումն ու ընդվզումն են արտայայտում-ցուցաբերում՝ յանուն Հայրենի Հողի եւ Ազգային արժանապատւութեան պաշտպանութեան ու փառաբանման։
9. Այժմ փաստ է երիցս, որ ժողովրդական համընդհանուր զարթօնքի եւ ընդվզման հոլովոյթը, ի հեճուկս հայրենադաւ իշխանութեան բազմապիսի սադրանքների, տեռորի մթնոլորտի, վարկաբեկումների եւ ողջ հայութեանը սեւերով ու սպիտակներով պառակտելուն, քայլ առ քայլ բնականոն ընթացք է ընդունում, որի դէմ ոչ մի քարոզչական հնարք կամ կարմիր ու սեւ բերետաւոր ի զօրու չի լինելու արգելք հանդիսանալ։
10. Իրաւ հայի ու առաւել եւս իրական Հայաստանի համար մնայուն օրինաչափութիւն եւ հաւատոյ հանգանակ է եղել ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ։
Այդ պաշտամունքը հազարամեայ պատմութեամբ է վկայաբերւել ու ապացուցւել Հայոց կողմից, սկսեալ Վարդանանքների իմացեալ մահից՝ մինչեւ Սարդարապատներ ու Արցախեան հերոսամարտեր։
Այնպէս որ՝ թէկուզ տեղ-տեղ ուշացած, բայց հայի համար մինչեւիսկ անհնարին թւացող ու դժւարագոյն «ելքեր ու հնարներ գտնելու» մերօրեայ «խենթերի» պակաս չի լինելու երբեւէ։ Իսկ այս վերջին հաստատումը թող յատկապէս իրենց բութ յիշողութեան մէջ ամրագրեն թուրք-ադրբեջանական ցեղասպան դահիճները…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու