
«ԱԼԻՔ» – Ապրիլի 17-ը Արցախի Հանրապետութեան հերոս, Արցախեան ազատամարտի լեգենդար հրամանատարներից, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հաւատաւոր զինւոր՝ Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է:
Շահէն Մեղրեանը ծնւել է 1952 թ. յունւարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում: Ընտանիքի 9-րդ երախան էր, ունէր 6 եղբայր, 4 քոյր:
Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել Շահումեանի շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ:
Շրջանի ինքնապաշտպանութեան առաջին գործողութիւնը տեղի ունեցաւ Մանաշիդ գիւղում 1990 թ. յունւարի 12-13-ին: Երբ ադրբեջանցիները փորձեցին գիւղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գիւղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տւեց այդ մարտում: Շահէնը Շահումեանի շրջանի եւ Գետաշէն-Մարտունաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցօ» օպերացիայից յետոյ ընկաւ Գետաշէն-Մարտունաշէնը, Շահումեանի դրութիւնը կտրուկ վատացաւ: 1991 թ. յունիսին ադրբեջանցիները ռուսների օգնութեամբ գրաւեցին շրջանի 3 գիւղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ. Շահէնն իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրւեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախեան ազատամարտիկները կարողացան գրաււած տարածքները ազատագրել:
1991 թ. նոյեմբերի 29-ին Շահէնի գլխաւորութեամբ մաքրւեց Թոդան ադրբեջանական գիւղը: Մինչեւ շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թ. յունիսի 13-ին բռնի տեղահանումից յետոյ Շահէնը կարողացաւ Հաթերք գիւղում իր շուրջը հաւաքել մի խումբ տղաներ` թւով 25 հոգի, եւ այդ տղաների հետ մտաւ թշնամու թիկունք: Այդպէս սկսւեց հայդուկային շարժումը ԼՂՀ հիւսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրւեցին Մարտակերտի մի շարք գիւղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տօնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Այդ յաղթանակները Շահէնինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրւեց Գիւլիստանը, եւ գրաււեցին դէպի շրջան տանող բոլոր բարձունքները:
Շահէն Մեղրեանն իր պարտիզանական ջոկատով փառաւոր ուղի է անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով (1992 թ. օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնւող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողութեան ընթացքում ոչնչացւել է 40 ադրբեջանցի թալանչի. 1992 թ. սեպտեմբերի 20-ին Գիւլիստանի գործողութիւնը. ոչնչացւել է 11 աւտոմեքենայ եւ 54 ադրբեջանցի զինեալ; 1992 թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրայ ոչնչացւել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանւել է հակառակորդի 9 զինւոր: 1992 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացւել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենայ եւ մի քանի տասնեակ զինծառայողներ):
Շահէնը պատրաստւում էր ՀՀ գալուց յետոյ ազատագրել հարազատ շրջանը: Բայց աւա՜ղ, 1993 թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփւեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհւեցին՝ Շահէն Մեղրեանը, 17-ամեայ Հայկ Մեղրեանը, Արտակ Խաչատրեանը, Գրիգոր Գրիգորեանը, Պօղոս Սիմոնեանը, Ռաֆիկ Բադալեանը, Արմէն Բազեանը եւ Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադեանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորեանը եւ բորտմեխանիկ Իուսիֆ Միքայէլեանը: Նրանք հանգչում են կողք-կողքի անմահների զօրագնդում՝ Եռաբլուրում:
Պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, յետոյ նրանց միանում են Շահումեանում գտնւող տարբեր ջոկատների («Արաբօ», «Տիգրան Մեծ», Պռօշեանի ջոկատ, Հոկտեմբերեանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993 թ. ստեղծւեց զօրամաս, որի հրամանատար նշանակւեց Շահէն Մեղրեանը: 1993 թ. յունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիւ 314 հրամանով զօրամասն անւանակոչւեց «Շահէն Մեղրեան» յատուկ նշանակութեան ջոկատ: