Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ․ 11-րդ համարը
«Դրօշակ»-ի ընթերցողը այսօրւանից համացանցում կարող է գտնել պաշտօնաթերթի այս տարւայ նախավերջին համարը։ Նոր համարի քաղաքական, հասարակական խորագրերի ներքոյ ներկայացւում է Հայաստանի իշխանութիւնների ազգային շահերը վտանգող արտաքին քաղաքականութիւնը, ազգային արժէքներից հեռացումը, դրանցից հանրութեանը օտարելու քաղաքականութիւնը։
Ընթերցողի համար հետաքրքրական կը լինի հետեւելը «Դրօշակ»-ի եւ գրականագէտ Դաւիթ Գասպարեանի զրոյցին, որի առանցքային թեման է անկախութիւնից յետոյ կրթութեան, գիտութեան, մշակոյթի ասպարէզներում, ինչպէս եւ հասարակական կեանքում տեղի ունեցած փոփոխութիւնները եւ հայաստանեան իրականութեան մէջ ներկայումս առկայ տագնապայարոյց երեւոյթները։ Հասարակութեան ներկայիս բարոյահոգեբանական վիճակին եւ հաւաքական մտայնութիւններին է անդրադառնում հրապարակախօս Մանուէլ Մկրտչեանը։
«Դրօշակ»-ի երրորդ հերթական համարում զետեղւած է օտարերկրեայ մասնագէտների եւ մասնագիտական կենտրոնների ուսումնասիրութիւնների համադրման հիման վրայ մոսկւայաբնակ վերլուծաբան Սարգիս Սարգսեանի հեղինակած յօդւածը՝ քառասունչորսօրեայ պատերազմի ժամանակ հայ եւ ադրբեջանական կողմերի գործածած զէնքերի, իրականացրած մարտավարութեան ու ռազմավարութեան, ինչպէս եւ պատերամից յետոյ կատարած ռազմական գնումների պատկերը։ Փաստական հարուստ նիւթի հետ ծանօթանալը հետաքրքրական կը լինի թէ՛ համապատասխան փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակների եւ թէ՛ Արցախեան խնդրով եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններով հետաքրքրւողների համար։
Ուշագրաւ ուսումնասիրութիւն է ներկայացրել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը։ Նրա ուսումնասիրութեան թեման է Համշէնահայութեան ինքնապաշտպանական մարտերը 1915-1923 թթ.։ Ներկայացւող ծաւալուն նիւթը առաջին մասն է քիչ ուսումնասիրւած այս թեմայի եւ լրացնում է Հայոց Ցեղասպանութեան պատմութեան եւ ժողովրդական ինքնապաշտպանութեան էջերը։
Յօդւածը պարունակում է հարուստ փաստական տւեալներ եւ անկասկած նոյնպէս հետաքրքրական կը լինի ոչ միայն պատմաբանների ու այլ մասնագէտների, այլեւ լայն հանրութեան համար։
«Դրօշակ»-ի նոյեմբերեան համարը ընթերցողի ուշադրութեանը ներկայացնում է տարբեր թեմաներով ուշագրաւ այլ նիւթեր եւս։
«Դրօշակ»-ի 2024 թ. 11-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ»-ի թիւ 11, 2024 թ.