Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Ասում է՝ «4 գիւղ ստանում ենք», այո՛, իրենց ադրբեջանցի զինւորները ստանում են»

«ԱԼԻՔ» – Մեզ չեն թողնում գիւղ մտնենք, այս մարդիկ էլ յանցակից են դառնում այդ գործընթացին: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Կիրանց գիւղի մուտքի մօտ լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Տաւուշի մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:

«Մի հատ ադրբեջանցի մտնի ստեղ մարդ մորթի, վերցնելու են փառք ու պատւով տանեն Ադրբեջան յանձնեն: Այս է սրանց առաքելութիւնը: Քանի յանցագործի են տարել Ադրբեջան յետ տւել՝ փաստերով կարող եմ ասել: Մէկը այստեղ մի աւել բան խօսի, քրէական գործ յարուցեն, տանեն ազատազրկեն, քանի՞ մարդու են մեր գիւղերից շինծու մեղադրանքներով տարել փակել»,- նշել է նա:

Դանիէլեանը նաեւ անդրադարձել է մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած դէպքերին եւ համացանցում հրապարակւած տեսագրութեանը, թէ ինչպէս են ոստիկանները՝ գիւղացիներին ուժով բերման ենթարկելուց յետոյ ուրախութեամբ ողջագուրւում միմեանց:

«Կարմիրբերետաւորներն էլ մի այնպէս ուրախացել են, գիւղի անչափահաս երեխաներին են ծեծել, տարել են բաժին: Փաթաթւել են, գրկում, համբիւրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից յետոյ էլ ուրախ զւարթ գրկախառնւում են իրար ու մէկը միւսին աչքալուսանք տալիս: Վաղը միւս օրը ո՞նց են իրանց երեխաների աչքերին նայելու, պատմութիւն է դառնալու այս ամէն ինչը: Ասելու են՝ դուք հայրենիքը յանձնելուն մասնակից էիք դառնում: Կիրանց գիւղը երկու մասի են բաժանում, բոլորս ողբի մէջ ենք, իրանք մի այնպէս ուրախանում են , մի այնպէս լաւ են զգում, ոնցոր ամէն ինչ տեղն է՝ Արցախը կայ, Տաւուշին էլ վտանգ չի սպառնում: Ուրախացէ՛ք, թուրքը գալիս է»,- նշել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button