Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Հայաստանին պէտք է իշխանափոխութիւն, պէտք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ»

«ԱԼԻՔ» – Փաստենք, որ ՀՀ տարածքային ամբողջականութիւնը խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ Այս մասին ըստ [Yerevan.today](blocked)-ի՝ «ՀՀ-ի մարտահրաւէրները եւ դրանք յաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:

«Երեք տասնամեակ մենք հանգիստ, խաղաղ ապրում էինք, որովհետեւ Արցախը իր յարակից տարածքներով անառիկ դարպաս էր, բայց սխալ քաղաքականութեան արդիւնքում մենք կորցրինք այն։ Կորցրեցինք մեր ստրատեգիական խորքը, ՀՀ-ն իր սահմաններով դարձաւ խոցելի ու դրա վառ ապացոյցն այն է, որ ադրբեջական ուժերը մխրճւել են Հայաստանի տարածք, Տաւուշի 4 գիւղերը վտանգի տակ են։ Բանակցութիւններում եւս Արցախի հարցի գոյութիւնը կարող է  ապահովել բանակցային խորք։ Երբ ՀՀ իշխանութիւննները արհամարհում են բանակցային խորքը, համարում են դա փակւած, իրենց թւում է, թէ դա ապահովելու է Հայաստանի անվտանգութիւնը, բայց դա այդպէս չէ։ Իշխանութիւնները այս հանգամանքը չէին հասկացել դեռ 2018 թւականից։ Ես չեմ յիշում բանակցային մի դրւագ, որ 2018-ից յետոյ հայկական կողմը օրակարգ ներմուծէր հայկական շահերից բխող ինչ-որ հարց, միշտ  քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը»,- ասել է նա։

Օսկանեանի խօսքով Նիկոլ Փաշինեանի առաջին սխալը եղել է Մադրիդեան սկզբունքների փաստաթղթից հրաժարւելը եւ բանակցութիւնները «զրոյական» կէտից սկսելը։ Յաջորդ սխալը նոյեմբերի 9-ի յայտարարութեան բովանդակութիւնից շեղւելն էր.

«Պրահայում, երբ Նիկոլ Փաշինեանը ճանաչեց Արցախը որպէս Ադրբեջանի մաս, մեր բոլոր հնարաւորութիւնները փակւեցին  ու բոլոր միջնորդների հնարաւորութիւնները սպառւեցին։ Այսօր ռէալ խնդիր է արցախահայերի՝ իրենց բնակավայրեր վերադարձնելու խնդիրը։ Այսօր չպէտք է մոռանանք Արցախի հարցը ու սա ոչ միայն բարոյական, ազգային խնդիր է, սա նաեւ տարածքների խոցելիութիւնը թուլացնելու  ճանապարհ է։

Արցախի հարցը մեր օրակարգում պէտք է լինի, պէտք է խօսել, որ այն մոռացւած չէ։ Իսկ ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ Արցախի հարցը  բարձացնելով վտանգում ենք Հայաստանը եւ հնարաւոր է պատերազմ լինի, նրանք տգէտ են ու դիւանագիտական անմեղսունակներ։ Ընդհակառակը, այս հարցի ներմուծումն է նպաստելու տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը»,- ասել է Վարդան Օսկանեանը։

Օսկանեանի համոզմամբ՝ Հայաստանին պէտք է իշխանափոխութիւն:

«Մեզ պէտք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ: Պէտք է հրաժարւել նաեւ պատերազմի ցաւից, պէտք է առաջնորդւել Հայաստանի շահերով: Պէտք է կարեւորել նոր դաշնակցային բանակցութիւնների անցկացումը նոյն վեկտորներով, բայց նոր իրողութիւնների հիման վրայ։ Հայաստանի դաշնակիցը հասկանում է դա։ Նրան նոյնպէս պէտք են նոր մօտեցումներ, անհրաժեշտ է վերանայել դաշնակցային յարաբերութիւնները»,- ընդգծել է ՀՀ ԱԳնախկին  նախարարը։

Ըստ նրա՝ իշխանափոխութեան դէպքում դա հնարաւորութիւններ կը ստեղծի ապահովելու Հայաստանի անվտանգութիւնը։ «Կարեւոր է նաեւ վերջ տալ հասարակութեան բեւեռացմանը։ Հայաստանը ոստիկանական պետութիւն դառնալու շեմին է»,- եզրափակել է Վարդան Օսկանեանը։

Related Articles

Back to top button