Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. «Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման»
Իրանի զինւած ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսէյն Բաղերին յայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Կովկասեան տարածաշրջանում լարւածութեան նւազեցման գործում: Այս մասին փոխանցում է «mehrnews»-ը, գեներալ Բաղերին այս յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ հանդիպմանը:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարաւային Կովկասում տեղի ունեցող իրադարձութիւններն ազդում են տարածաշրջանի անվտանգութեան վրայ եւ ընդգծել, որ այս տարածաշրջանում լարւածութեան շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերից: Նա նաեւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել այս տարածաշրջանում վէճերի եւ լարւածութեան կարգաւորման համար: Մոհամմադ Հոսէյն Բաղերին յայտարարել է նաեւ, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման՝ շեշտելով որ որեւէ երկրի պաշտպանունակութեան բարելաւման հետեւում չպէտք է լինի որեւէ ագրեսիւ նպատակ կամ մտադրութիւն:
«Տարածաշրջանում խաղաղութիւնն ու հանգստութիւնը բխում են բոլոր երկրների շահերից, եւ տարածաշրջանում անվտանգութիւնը պէտք է ապահովւի տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը հակասում է տարածաշրջանում խաղաղութեանը»,- ընդգծել է նա: Գրիգորեանն իր հերթին ներկայացրել է Կովկասեան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձութիւնների վերաբերեալ։