ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ջախջախիչ պատասխանն անխուսափելի է»

«ԱԼԻՔ» – Իրանը լուրջ հարւած կը հասցնի Սիոնիստական ռեժիմին եւ ԱՄՆ-ին՝ ի պատասխան Իրանի եւ Մերձաւոր Արեւելքում իսլամական դիմադրութեան ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։ Այս մասին, երէկ նոյեմբերի 2-ին, աշակերտութեան եւ ուսանողութեան հազարաւոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին՝ ընդգծելով, որ պատասխան հարւածը ջախջախիչ է լինելու:

«Թշնամիները, ներառեալ ԱՄՆ-ն եւ Սիոնիստական ռեժիմը պէտք է իմանան, որ Իրանի եւ Դիմադրութեան ճակատի դէմ գործողութիւնների համար նրանք անպայման ջախջախիչ պատասխան կը ստանան»,- յայտարարել է այաթ. Խամենէին՝ յստակեցնելով, որ դա վրէժի հարց չէ, այլ տրամաբանական քայլ է, որը համապատասխանում է կրօնական ցուցումներին եւ միջազգային իրաւունքին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իր ելոյթում յատուկ կարեւորել է ամբողջատիրութեան եւ իմպերիալիզմի դէմ պայքարը՝ նշելով, որ ամէն ինչ արւելու է ռազմական, սպառազինութիւնների եւ քաղաքական գործողութիւնների իմաստով ժողովրդին այդ պայքարի համար պատրաստելու ուղղութեամբ:

«Ամբողջատիրութեան դէմ պայքարը մեր պարտականութիւնն է:  Ամբողջատիրութիւն նշանակում է համապարփակ տնտեսական, ռազմական եւ մշակութային գերակայութիւն այլ ժողովուրդների նկատմամբ եւ նւաստացում: Նրանք տարիներ շարունակ նւաստացրել են Իրանի ժողովրդին։ Այդ պատճառով Իրանի ժողովուրդը դիմադրել է եւ դիմակայելու է ամբողջատիրութեանը»,- ասել է այաթ. Խամենէին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անհիմն է համարել ԱՄՆ-ի պէս առաջադէմ, ուժեղ եւ գերիշխող համակարգին դիմակայելու վերաբերեալ որոշ անձանց վերապահումներն ու կասկածները, եւ յիշեցրել է այդ առումով վերջին 46 տարիների Իրանի ժողովրդի յաջող փորձը. «Իրանի ժողովուրդը միանշանակ յաջողութեան է հասել այս պայքարում մինչեւ այսօր: Դրա վառ ապացոյցն այն է, որ Իրանի ժողովրդին յաջողւել է թուլացնել ԱՄՆ-ի իշխանութիւնը, որը վախեցնում է ժողովրդներին եւ ստիպում է նահանջել»:

Այաթ. Խամենէին Գազայում Սիոնիստական ռեժիմի նողկալի յանցագործութիւնները, 50 հազար մարդու սպանդը, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայիս ողբերգութիւնները, որոնք իրականցւում են ԱՄՆ-ի ռազմաքաղաքական լկտի ու անվերապահ աջակցութեամբ եւ մասնակցութեամբ, համարել է մարդու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ ԱՄՆ-ի մերկապարանոց յայտարարութինների սնանկութեան ապացոյցը՝ նշելով. «Այսօր աշխարհը հասկացել է, որ մարդու իրաւունքների մասին բարձրաձայնող յանցագործները, ովքեր Նասրօլլահի, Հանիէի եւ Սոլէյմանիի նման մեծերին ահաբեկիչներ են անւանում, իրենք ահաբեկչական եւ յանցաւոր խմբաւորումներ են»:

Related Articles

Back to top button