Իրանն իր լիակատար աջակցութիւնն է յայտնել Սիրիային
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ դեկտեմբերի 1-ին, Դամասկոսում հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հետ, որի ընթացքում Իրանի ղեկավարութեան ուղերձը. «Իրանը հաստատակամ է աջակցելու Սիրիաի կառավարութեանը, բանակին եւ ժողովրդին՝ ահաբեկչութեան դէմ պայքարում եւ տարածաշրջանային անվտանգութիւնն ու կայունութիւնը պաշտպանելու հարցում»:
Արաղչին ահաբեկչական խմբաւորումների վերջին գործողութիւնները համարել է տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան դէմ ուղղւած թշնամիների նենգ դաւադրութեան մի մասն ու ԱՄՆ-ի եւ Սիոնիստական ռեժիմի հետ ահաբեկիչների չար նպատակների համադրման ցուցիչը:
Նա վստահութիւն է յայտնել, որ ինչպէս նախորդ անգամ, այս անգամ եւս Սիրիային կը յաջողւի պարտութեան մատնել ահաբեկիչներին:
Նախագահ Ասադն իր հերթին յայտարարել է, որ Սիրիան շարունակում է կատաղի պայքարը ահաբեկչական կազմակերպութիւնների դէմ իր ողջ տարածքում։
Ասադն ընդգծել է, որ ահաբեկչութեանը հակազդելը, ահաբեկչութեան կառուցւածքի կազմաքանդումը եւ դրա աղբիւրների չորացումը ծառայում են ոչ միայն Սիրիային, այլեւ ողջ տարածաշրջանի կայունութեանը եւ անվտանգութեանը:
Նա յաւելել է, որ Սիրիան նախկինում բախւել է շատ աւելի բարդ մարտահրաւէրների եւ յաղթահարել է դրանք:
Յատկանշական է, որ այցի պաշտօնական բաժնի աւարտից յետոյ, Արաղչին այցելել է Դամասկոսի ռեստորաններից մէկը եւ ընթրել է քաղաքացիների հետ: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, կից հրապարակելով քաղաքացիների հետ իր մտերմիկ շփման լուսանկարները:
Նշենք, որ երէկ՝ ուշ երեկոյեան, Արաղչին Դամասկոսից մեկնել է Անկարա, որտեղ այսօր հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային իրադարձութիւններն ու սիրիական զարգացումները: