Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Մի՞թէ Փաշինեանն ու իր շրջապատը իսկապէս կարծում են, թէ կարող են լւանալ իրենց ձեռքերը արիւնից»

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրարադրձել է ՀՀ գործող իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչների ելոյթներին եւ յայտարարութիւններին:

 «Վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ թէ՛ Ազգային ժողովում, թէ՛ նրա սահմաններից դուրս, յայտարարութիւնների պակաս չի զգացւել։ Որքան ողբերգական են նրանց քաղաքականութեան եւ գործողութիւնների հետեւանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն, տօնը եւ պահւածքը։ Երբ մէկը հետեւում է Փաշինեանի եւ նրա շրջապատի թատերական ելոյթներին, դժւար է չհարցնել ինքն իրեն.

Մի՞թէ Փաշինեանն ու իր շրջապատը իսկապէս հաւատում են, որ կարող են պատճառել հազարաւոր զոհեր, դատարկել ու յանձնել Արցախը, զիջել տարածքներ Հայաստանից, քանդել ազգային ոգին, չարաշահել պետական միջոցները, բռնութեամբ պահել իշխանութիւնը, ոտնահարել Սահմանադրութիւնը՝ իսկ յետոյ պարզապէս մի օր հեռանալ, գնալ տուն ու շարունակել նորմալ կեանքով ապրել։ Մի՞թէ կարծում են, թէ կարող են լւանալ իրենց ձեռքերը արիւնից ու սեփական շահերը սպասարկող ճառերով եւ դատարկ խիզախութեամբ ծածկել անկարողութեան, ձախողութեան եւ պարտութեան փաստերը։ Եթէ իրապէս հաւատում են դրան, ուրեմն նրանք պարզապէս ցինիկ չեն՝ նրանք մոլորութեան մէջ են։

Նրանց՝ հրապարակային կերպարը շքեղացնելու ջանքերը, բեմադրւած ելոյթները, դատարկաբան հռետորաբանութիւնը, ուռճացւած խիզախութեան ցուցադրութիւնները ուժի կամ համոզմունքի նշաններ չեն։ Դրանք վախի դրսեւորումներ են։ Դրանք չեն նմանւում մարդկանց կեցւածքին, ովքեր վստահ կանգնած են՝ հաւատալով, որ պատմութիւնը կարդարացնի իրենց։ Դրանք նման են այն անհանգիստ շարժումներին, որոնք անում են մարդիկ, երբ խորքում գիտեն՝ մեղաւոր են։ Մեղաւոր իրենց ժողովրդի հանդէպ։ Մեղաւոր՝ հայկական պատմութեան ընթացքի հանդէպ։

Նրանց չափազանցւած հռետորաբանութիւնն առանձին խոստովանութիւն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է։ Եւ խորքում՝ վախենում են դատաստանից, որը գիտեն՝ գալու է։ Ոչ մի անպարտելիութեան զգեստ չի կարող պաշտպանել նրանց ճշմարտութեան վճռից՝ կամ այն արդարադատութիւնից, որը այդ ճշմարտութիւնը պահանջում է»,- գրել է նա:

Related Articles

Back to top button