Վահէ Դաւթեան. «ՀՀ-ում քաղաքական բովանդակութեան խորքային ճգնաժամ է»

«ԱԼԻՔ» – Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական բովանդակութեան խորքային ճգնաժամ է:
Այս մասին նա ահազանգել է՝ գրառում կատարելով ֆէյսբուքեան իր էջում:
«Հայաստանում քաղաքական բովանդակութեան խորքային ճգնաժամ է։
Ներքաղաքական գործընթացը զուրկ է նախագծային բնոյթից։ Յստակ ձեւակերպւած ռազմավարական նպատակների փոխարէն միայն արձագանքային պահւածք, իրավիճակային որոշումներ եւ իշխանութիւնը ցանկացած գնով պահպանելու ձգտում։
Բացակայում է ոչ միայն մեծ գաղափարը, այլեւ քաղաքական նախագծման մշակոյթը։ Չկայ ապագայ պետութեան մոդելի ու հասարակութեանը համախմբող արժէհամակարգի ձեւակերպում։
Պատմական-աշխարհաքաղաքական մտածողութիւնից զուրկ էլիտան գործում է ադմինիստրատիւ, այլ ոչ թէ քաղաքական առաջնորդութեան տրամաբանութեամբ։
Հայաստանը, գտնւելով աշխարհաքաղաքական տուրբուլենտութեան պայմաններում, կարիք ունի սուբիեկտութեան վերաիմաստաւորման։ Սակայն առանց քաղաքական Նախագծի, առանց ապագայի յստակ Նախագծի՝ ցանկացած բարեփոխում դատապարտւած է մնալ մակերեսային, ցանկացած պայմանաւորւածութիւն՝ ժամանակաւոր։
Քաղաքականութիւն առանց Նախագծի՝ իշխանութիւն առանց իմաստի»,- գրել է նա: