«Ասէք՝ ա՛յ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես… առջեւում սեպտեմբերի 27-ն է, ուզում է ծնողներին ցաւ պատճառել»

«ԱԼԻՔ» – Պարզւում է՝ ըստ Նիկոլ Փաշինեանի, իր հնարած «Իրական Հայաստանի» գաղափարախօսութեան հեղինակները հայ գերդաստանների մայրերն են։ Նման կարծիք նա յայտնել է Կառավարութեան նիստի ժամանակ՝ ասելով, թէ «Իրական Հայաստանի գաղափարախօսութեան հեղինակները մեր գերդաստանների մեծ մայրիկներն են»։
Նա այս եզրահանգմանն է եկել, քանի որ, ըստ նրա՝ 2021 թւականի իր նախընտրական քարոզարշաւի ժամանակ, իբրեւ թէ առաջին շարքերում եղել են մայրեր, տատիկներ։
Փաշինեանն այս գրառման մէջ նաեւ նշել էր, թէ՝ «մայրիկները Իրական Հայաստանի՝ գնալով աւելի ծանրակշիռ դարձող գործօն են»։
2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարեանի մօր՝ Գոհար Դաւթեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանն ինչ ասում է, հանրութիւնը պէտք է ճիշտ հակառակը հասկանայ։
«Իրական մայրերն առհասարակ կապ չունեն «Իրական Հայաստան» գաղափարախօսութեան հետ, թէեւ նա նկատի ունի այն կանանց, որոնք այսօր իր կնոջ կողքով են քայլում։ Գուցէ նկատի ունի այն մայրերին, որոնք իրենց որդու արիւնն ուրացե՞լ են։ Հայ մայր ասւածը վեհ իմաստ ունի, դրա համար իրենց գաղափարների հետ կապ չունի։
Ես՝ որպէս հայ մայր, առհասարակ առնչութիւն չունեմ իր դաշտ նետած գաղափարախօսութեան հետ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է 44-օրեայ պատերազմում զոհւած Արայիկ Բաղդասարեանի մայրը՝ Գոհար Դաւթեանը։
Ըստ տիկին Գոհարի՝ իր որդին զոհւել է, դրօշակը թողել է իրեն, ինքն էլ՝ որպէս հայ մայր, վերցրել է այդ դրօշը՝ երդւելով մինչեւ վերջ տանել։
«Հարց ուղղէք իրեն՝ ասէք՝ այ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես։
Երեխայիս նման առաջին շարքում եմ միշտ կանգնում, բայց ցաւալին այն է, որ որդիս դրսի թուրքի դէմ էր պայքարում, ես՝ ներսի»,- ընդգծել է Գոհար Դաւթեանը։
Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ նահատակւած Ժիրայր Մարգարեանի մայրը` Նայիրա Մարգարեանը, չի հետեւում Նիկոլ Փաշինեանի որեւէ գրառման, բայց վստահ է՝ նրա յայտարարութիւնն իրական հայ մայրերի մասին չէ։
«Ես, օրինակ, ի՞նչ կապ կարող եմ ունենալ Նիկոլ Փաշինեանի ասածների հետ՝ բացարձակապէս ոչ մի։ Այդ մարդն ամէն ինչ անում է, որպէսզի որդեկորոյս ծնողներին ցաւ պատճառի։ Առջեւում սեպտեմբերի 27-ն է, պէտք է այնպիսի բաներ ասի, որ ցաւ պատճառի մայրերին»,- ընդգծել է Նայիրա Մարգարեանը։
Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ