Ռոբերտ Քոչարեան. «Փաշինեանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պէտք է ազատւել, նա պատերազմի վտանգով սարսափի մէջ է պահում մարդկանց»

«ԱԼԻՔ» – «Ինչո՞ւ սկսեց Նիկոլ Փաշինեանը բանակցել Ալիեւի հետ առանց միջնորդների, մինչդեռ թոյլ եւ պարտւող կողմը առաջին շահագրգիռ կողմն է, որ լինեն հզօր միջնորդներ, որոնք կերաշխաւորեն բանակցային գործընթացը եւ այդ գործընթացի արդիւնքները»։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ դեկտեմբերի 6-ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։
«Ինչո՞ւ Միացեալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրւած փաստաթղթերում Նիկոլ Փաշինեանը որեւէ կերպ չփորձեց բանակցել խաղաղութեան հաստատման եւ ամրապնդման, միջազգային երաշխիքների խնդրի շուրջ։ Նոյնիսկ փորձ չի արւել, ես համոզւած եմ, որ փորձի պարագայում հնարաւոր էր դրան հասնել։
Այս բոլոր կէտերին միաւորում է մէկ բան. Նիկոլ Փաշինեանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջեւ պէտք է լինի նոր պատերազմ սկսելու, եւ դա իրեն ձեռ է տալիս մէկ պատճառով, որ խաղաղութիւնը ուղիղ կապւի իր անձի հետ, իր անւան հետ, այլ ոչ թէ ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի պէտք էր օդի ջրի պէս, որ ժողովուրդը այնպիսի սարսափ եւ վախ ունենայ եւ անդադար լինի այդ սարսափը եւ վախը, որ քւէարկութիւնների ժամանակ ասեն՝ սա իսկապէս պատուհաս է երկրի համար, բայց լաւ է սա լինի, քան պատերազմը։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի եւ ժողովրդի շահերը ուղղակի հակասութեան մէջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։
Իր նպատակը իշխանութիւն պահելն է, որը պայմանաւորւած է նրանով, թէ ինչ չափի սարսափ պէտք է լինի մեր ընտրողների մօտ, որ կիրառւի այդ բանաձեւը՝ «լաւ է այս ազգակործան պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ»։
Հետեւաբար օգտագործեմ ոչ իմ տերմինները. այսօր Նիկոլ Փաշինեանը թոկ է Հայաստանի Հանրապետութեան վզին եւ այդ թոկից պէտք է ազատւել»,- յայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա ընդգծել է, որ Փաշինեանի ամբողջ յոյսը միամիտ քաղաքացին է, որը այսպիսի վերլուծութիւններ չանելով, հերթական անգամ մտածի, թէ երկու չարիքից որի յետեւից է ինքը գնում. «Մեր առաջարկը եւ մեր մօտեցումը հետեւեալն է՝ պետական շահերը առաջին տեղում եւ երբեք որեւէ առաջնորդ չպէտք է իր շահերը որեւէ կերպ գերադասի ժողովրդի եւ պետականութեան շահերին։ Այլ կերպ ուղղակի չի կարող լինել, այլ կերպ նշանակում է մէկ բան, մենք կործանում ենք մեր հայրենիքը»,- յայտարարել է Քոչարեանը։
Անդրադառնալով 2026 թւականի ԱԺ ընտրութիւններին, Ռոբերտ Քոչարեանը յայտարարել է, որ մեծ հաւանականութեամբ կը մասնակցի այդ ընտրութիւններին. «Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հաւանականութեամբ կը մասնակցեմ»:



