Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սոցիալիստական ինտերնացիոնալի յայտարարութիւնը Բաքւում հայ գերիների դատավճիռների վերաբերեալ

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգութիւնն է արտայայտում փետրւարի 5-ին Բաքւի ռազմական դատարանի կողմից յայտարարւած որոշման կապակցութեամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռեւս պահւող եւ նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում ձերբակալւած 19 հայ կալանաւորներից 15-ի նկատմամբ երկարատեւ ազատազրկման պատիժների նշանակման վերաբերեալ։

Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղութեան եւ հաշտեցմանն ուղղւած ջանքերի ոգուն։

Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարութիւնը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարեւոր քայլ՝ առաջին անգամ տասնամեակների ընթացքում թոյլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դէպի Հայաստան։ 2026 թւականի յունւարին ազատ են արձակւել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 եւ 2023 թւականներին ձերբակալւելուց յետոյ։

Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառոյցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանութիւններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան եւ ազատ արձակելու Ադրբեջանի հսկողութեան տակ գտնւող բոլոր հայ կալանաւորներին։ Նման քայլը կը հանդիսանայ բարի կամքի նշանակալի դրսեւորում եւ էապէս կը նպաստի կայունութեանը Հարաւային Կովկասում։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպութիւն է, որը միաւորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատաւորական կուսակցութիւններ։ Այն միաւորում է 132 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ աւելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ Հ. Յ. Դաշնակցութեան համապատասխան կառոյցները լիիրաւ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդութեան համաշխարհային միութեան (IUSY) մէջ։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

13 փետրւար 2026 թ.

Related Articles

Back to top button