ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմի ընդլայնում, իսկ Իրանը հարւածել է Յորդանանում ամերիկեան ռազմակայաններին

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական լարւածութիւնը նոր փուլ է մտել՝ Հորմոզի նեղուցում ամերիկեան հարւածից յետոյ։
The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկեան պաշտօնական աղբիւրներ, հաղորդում է, որ Վաշինգտոնը չի ձգտում Իրանի հետ պատերազմի լայնածաւալ ընդլայնմանը եւ նախընտրում է ռազմական գործողութիւնները պահել սահմանափակ ու թիրախային մակարդակում։ Միաժամանակ, ամերիկեան զինուժում մտահոգութիւններ կան զինամթերքի, յատկապէս «Փեթրիոթ» PAC-3 հակաօդային պաշտպանութեան հրթիռների պաշարների նւազման վերաբերեալ:
Reuters-ի համաձայն՝ Իրանն ամերիկեան գործողութեանը պատասխանել է ռազմական հարւածով։ ԻՅՊԿ-ի հաղորդմամբ՝ իրանական զինւած ուժերը բալիստիկ հրթիռներով թիրախաւորել են Յորդանանում գտնւող ամերիկեան երկու ռազմակայան՝ Քինգ Հոսէյնը եւ Ալ-Ազրաքը։
Իրանական կողմը նաեւ յայտարարել է, որ գործողութեան ընթացքում կիրառւել են անօդաչու թռչող սարքեր, այդ թւում՝ «Շահեդ-238» տեսակի ԱԹՍ-ներ, եւ պնդել է, որ հարւածները հասել են նախանշւած թիրախներին։
Յորդանանի իշխանութիւնները, իրենց հերթին, յայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանութիւնը որսացել է Իրանից արձակւած 8 հրթիռ։
Իրանական աղբիւրները պնդում են, որ հարւածների ընթացքում թիրախաւորւել են նաեւ ամերիկեան ռազմակայաններում գտնւող կարեւոր ռազմական միջոցներ, այդ թւում՝ տրանսպորտային եւ օդանաւերը վերալիցքաւորող ինքնաթիռներ։ Այս տեղեկութիւնները, ինչպէս նաեւ բոլոր նախանշւած թիրախների ոչնչացման մասին իրանական պնդումները, դեռեւս անկախ աղբիւրներով ամբողջութեամբ չեն հաստատւել։



