Sputnik-ի էջից հեռացւած հայերէն գրառման համաձայն. ««Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի տնտեսական օգուտները Հայաստանում դեռ հաշւարկւած չեն»
«ԱԼԻՔ» – Հայաստանում դեռ չեն հասցրել հաշւարկել, թէ ինչ տնտեսական օգուտ կարող է բերել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի իրականացումը։ Նաեւ տեղեկութիւններ չկան, թէ երթուղիներից որն է գործարկւելու սկզբնական փուլում։ Այս մասին է գրել «Sputnik Արմենիա»-ն իր հայերէն լուրերի էջում, ինչն աւելի ուշ հեռացւել է էջից: Ենթադրութիւններ անելուց խուսափելու համար միայն նշենք, որ հաւանաբար այն նոր տւեալներով թարմացնելու եւ ուսումնասիրութիւնները ամբողջացնելու համար է այդպէս արւել:
Այնուամենայնիւ սա չէր կարող աննկատ մնալ ոլորտի փորձագէտների աչքից: Կովկասի հարցերով փորձագիտական շրջանակներն անդրադառնալով հրապարակմանը նշել են, որ պաշտօնական լրահոսի համար եւս դեռ պարզ չէ, թէ արդեօք Հայաստանի իշխանութիւնները երազած հեռանկարներով են բանակցութիւնների գնում, թէ իրապէս լուրջ ծրագիր ունեն:
Նախագծի մասին «Sputnik Արմենիա»-ի գրաւոր հարցին ի պատասխան, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից յայտնել են. «Այս փուլում աշխատանքներ են տարւում տեխնիկա-տնտեսական ուսումնասիրութիւններ կատարելու ուղղութեամբ։ Տեխնիկական եւ տնտեսական ուսումնասիրութեան արդիւնքներն ամփոփելուց յետոյ հնարաւոր կը լինի գնահատական տալ տնտեսական օգուտների մասին»։
Նախկին ԽՍՀՄ Մերձաւոր Արեւելքի հարեւանութեամբ գտնւող նորանկախ պետութիւնների Կովկասի հարցով փորձագէտ եւ «Ալամէ Թաբաթաբայի» համալսարանի դասախօս դոկտ. Էհսան Մովահեդեանն իր տելեգրամային ալիքում տեղադրելով Sputnik-ի հրապարակման պարսկերէն թարգմանութիւնը գրել է, որ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնը միաժամանակ պնդել է, որ նախաձեռնութիւնը նոր կապերի ու յարաբերութիւնների առիթ է տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ։ «Նախագծի իրականացման արդիւնքում կը ձեւաւորւի միջազգային առեւտրի, տարանցիկ բեռնափոխադրումների, միջազգային չափանիշերին համապատասխան անվտանգ ճանապարհային կառոյցների հնարաւորութիւն, ինչը ենթադրում է տրանսպորտային ծախսերի կրճատում»,- նշւած է նախարարութեան պատասխանի մէջ, որի մասին մեկնաբանութիւնները թողնում ենք ընթերցողին:
Փորձագէտը նշել է նաեւ, որ նախարարութիւնը յիշեցնելով, որ ծրագրի շրջանակներում Հայաստանը պատրաստ է վերակառուցել 4 երկաթուղային ենթակառուցւածքային հատւածներ՝ շուրջ 130 կիլոմետր ընդհանուր երկարութեամբ, յաւելել է, որ աղբիւրի համաձայն՝ նախարարութիւնում նշել են, որ ծրագրի շրջանակներում ճանապարհի ու երկաթուղու շինարարութեան վերջնական արժէքի վերաբերեալ տեղեկատւութիւն չունեն։
Մեր կողմից նշենք, որ նման երազանքներով բանակցային գործընթացների վարոյթը՝ հայկական կողմին, հէնց տալու է այն, ինչի ականատեսն ենք եղել 44-օրեայ պատերազմից ցայսօր:
Վերադառնալով նախարարութեան գրաւոր պատասխանին, փորձագէտը դրանք հրապարակել է առանց յաւելումների կամ մեկնաբանութիւնների՝ հետեւեալ կէտերով.
«Նռնաձոր-Ագարակ (43 կմ.), Հրազդանից Կապան երկաթուղու աւերւած հատւածներ (80 կմ.), Երասխից՝ Նախիջեւանի սահման (1 կմ.), Գիւմրիից՝ Թուրքիայի սահման երկաթուղու (6 կմ.) աւերւած հատւածներ։
«Խաղաղութեան խաչմերուկ»-ի ենթակառուցւածքային բաղադրիչը ներառում է նաեւ հետեւեալ կէտերը.
- «Հիւսիս-Հարաւ» ճանապարհային ենթակառուցւածքը, որի երկարութիւնը կառուցումից յետոյ կը կազմի շուրջ 461 կմ.
- Կապան-Արմաւիր՝ 210 կմ. երկարութեամբ արագընթաց ճանապարհահատւած (M4 եւ M5 միջպետական).
- Կապան-Ախուրիկ՝ շուրջ 170 կմ. երկարութեամբ երկկողմանի ճանապարհահատւած (միջպետական ճանապարհներ M4, MTS, M6, M3, M7).
- Գորիս-Անգեղակոթ 84 կմ. երկարութեամբ ճանապարհ (M2, M13 միջպետական ճանապարհներ).
- Սոթկ-Երասխ՝ շուրջ 271 կմ. երկարութեամբ երկկողմանի ճանապարհ (միջպետական M2, M4, M10 եւ M11 ճանապարհներ):
Միաժամանակ Հայաստանը պատրաստւում է 7 ցամաքային անցակէտ կառուցել Ադրբեջանի (Կապան, Սոթկ, Քարահունջ, Երասխ, Անգեղակոթ) եւ Թուրքիայի հետ (Ախուրիկ, Մարգարա) սահմանին, ինչպէս նաեւ 5 երկաթուղային անցակէտ՝ Ադրբեջանի սահմանին (Նռնաձոր, Ագարակ, Երասխ, Կապան) եւ Թուրքիայի հետ սահմանին:
Ինչպէս նշել էինք, գրաւոր պատասխանում նշւած է, որ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների վերջնական արժէքի վերաբերեալ հաշւարկւած տւեալներ առայժմ չկան: «Ներկայումս կան միայն նախնական գնահատականներ»,- նշւած է պատասխանում:
Ենթադրւում է, որ պատասխանի վերաբերեալ արձագանգների պակասը չի զգացւելու, յատկապէս, որ բանակցային գործընթացում ուժի դիրքերից հանդէս եկող Բաքւի համար շարունակում է ուժի մէջ մնալ Ալիեւի երազած «միջանցքի» հնարաւորութիւնը:
Չնայած կողմերն այնքան էլ սխալ չեն, երբ երազանքների մասին պահանջներով են բանակցային գործընթաց վարում: Մերձաւոր Արեւելքում եւ առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների նպատակով շարունակւող քաշքշուկների ամենաթէժ պահին նման խաղաղութեան մասին միայն երազել կարելի է: