Հայաստան - ԱրցախՏնտեսական

Ուղղակի խաբկանք է, վտանգաւոր խաղ

Իշխանութիւնները հերթական անպատասխանատու ու վտանգաւոր խաղն են սկսել, որը, անկասկած, անհետեւանք չի մնայ։ Արեւմուտքի թելադրանքով՝ փորձում են փոխել տարածաշրջանում ուժերի դասաւորութիւնը՝ վտանգելով նաեւ տասնամեակների ընթացքում ստեղծւած տնտեսական կապերը երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ։ Գնում են բացայայտ ու կտրուկ սրացումների, հաշւի չառնելով անգամ այն լրջագոյն սպառնալիքները, որոնց կարող ենք բախւել այդ ճանապարհին։

Իմիտացիա են անում, թէ իբր ոչ միայն սպառազինութեան ձեռքբերումը, այլեւ տնտեսութիւնն են արդէն դիւերսիֆիկացրել, վերացրել են կախւածութիւնը երբեմնի ռազմավարական գործընկերոջից։

ԱՔԽ քարտուղարը յայտարարում է, թէ 2023 թ. առաջին 9 ամսում Հայաստանի առաջատար ներդրողն այլեւս ոչ թէ Ռուսաստանն է, այլ Արաբական Միացեալ Էմիրութիւնները։ ԱՄԷ-ն Հայաստանում մօտ 250 մլն. դոլար է ներդրել։ Երկրորդն էլ Ռուսաստանը չէ, Լիւքսեմբուրգն է։ Ռուսաստանը միայն երրորդ է, այն էլ՝ 50 մլն. դոլարից քիչ ներդրումներով։ Եւ սրա պատճառը, ըստ ԱԽՔ քարտուղարի, այն է, որ Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում, կամ Հայաստանը բացւել է աշխարհին։

Սա ուղղակի խաբկանք է։ Խաբկանք է, եթէ կարծում են, թէ ԱՄԷ-ն կարող է փոխարինել Ռուսաստանին, նոյնիսկ ներդրումների մասով։ Ներդրումներով ԱՄԷ-ն իսկապէս անցած տարի առաջինն է եղել, բայց դա եղել է ընդամէնը մէկ գործարք, այն էլ՝ ֆինանսական ոլորտում։ Տնտեսութեան որեւէ այլ ոլորտում ԱՄԷ ներդրումները չնչին են, զրոյին մօտ։

Մինչեւ այժմ ԱՄԷ-ից Հայաստանի տնտեսութեան մէջ ընդամէնը շուրջ 300-350 մլն. դոլարի ներդրումներ են կատարւել։ Սա նոյնիսկ դժւար է համեմատել ռուսական ներդրումների հետ, որոնք հասնում են 12-13 միլիարդի։

Փարատելու այն մտահոգութիւնները, թէ քաղաքական վեկտորի փոփոխութեան պարագայում ինչպէս են յաղթահարելու տնտեսութեան կախւածութիւնը Ռուսաստանից, վերջին շրջանում իշխանութիւնները փորձում են ցոյց տալ, իբր Ռուսաստանին փոխարինելու է գալիս ԱՄԷ-ն։ Ասում են՝ ԱՄԷ-ն դարձել է Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերը։ Արտահանում-ներմուծումներն այդ երկրի հետ կտրուկ աւելացել են։ Բայց չեն ասում, որ դա էլ անուղղակիօրէն կապւած է Ռուսաստանի հետ։ Այն, որ Ռուսաստանից տարբեր ապրանքներ եւ յատկապէս թանկարժէք քարեր ու մետաղներ բերում-տանում են ԱՄԷ, դեռ չի նշանակում, որ տեղի է ունեցել տնտեսական կապերի, առաւել եւս՝ տնտեսութեան ու շուկաների դիւերսիֆիկացում։

Եթէ վաղը վերանան յայտնի գործօնները, որոնք նպաստել են Հայաստանի արտաքին առեւտրի երեւացող ու չերեւացող շարժերի ակտիւացմանը, այս ամբողջը փլւելու է։ Փլւելու են նաեւ Հայաստանի տնտեսութեան աճերը։

Բայց խնդիրը նոյնիսկ տնտեսական աճերի մէջ չէ։

Այն, ինչ վերջին շրջանում անում են իշխանութիւնները՝ սրելով յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, իրական հակազդեցութեան վերածւելու պարագայում, հաշւած օրերի ընթացքում պարզապէս կը քանդի Հայաստանի տնտեսութիւնը։ Այդ դէպքում մեզ ոչ մի ԱՄԷ էլ չի փրկի։

Չի փրկի նոյնիսկ իշխանութիւնների այդքան սիրած Արեւմուտքը՝ իր բոլոր ռեսուրսներով։

Չնայած տեսնել ենք, թէ մինչեւ հիմա ինչպէս են աշխատել այդ ռեսուրսները։ Փափուկ բարձ են դրել իշխանութիւնների գլխի տակ, այնինչ՝ ամէն ինչ դատարկ ու ոչինչ չտւող յայտարարութիւններից այն կողմ չի անցնում։

Հայաստանի տնտեսութեան լծակներն ինչպէս եղել, այնպէս էլ շարունակում են մնալ Ռուսաստանի տակ։ Վերջին տարիներին տնտեսութեան ու տնտեսական աճի կախւածութիւնն աւելի է մեծացել։ Ոչ մի հիմք չկայ այն յայտարարութիւններում, թէ իբր արտաքին շուկաների դիւերսիֆիկացում ու տնտեսութեան կախւածութեան թուլացում է տեղի ունենում։ Դրանք դատարկ յայտարարութիւններ են, հիմքից զուրկ։

Ռուսաստանի անգամ այսքան խնդիրներ ունեցող տնտեսութիւնից Հայաստանի կախւածութիւնն այնքան մեծ է, որ ցանկացած փոքր հակազդեցութիւն կարող է խորը ցնցումներ առաջացնել։ Դա կարող է արտայայտւել տարբեր կերպ ու տարբեր ոլորտներում։ Ոլորտները շատ են՝ սկսած ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից, Ռուսաստանից հումքի ու էներգակիրների ներմուծումից, մինչեւ ռազմավարական որոշ ապրանքների մատակարարումներ։

Լարսում խնդիրների ստեղծման մասին դեռ չենք խօսում։ Նման իրավիճակների այս ընթացքում երբեմն-երբեմն բախւել ենք ու տեսել, թէ ինչպիսի ցնցումների մէջ է յայտնւում տնտեսութիւնը։

Եթէ իշխանութիւնները որոշել են կտրուկ շրջադարձեր կատարել, մտածե՞լ են, թէ դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, թէկուզ միայն տնտեսական ոլորտում։ Թէ՞ կարծում են, որ ռազմավարական գործընկերների փոփոխութիւնը միայն քաղաքական է, տնտեսութիւնը զերծ է մնալու դրա հետեւանքներից։

Զարմանալի չէ, որ ռուսական կողմն արդէն խօսում է կոնկրետ գործողութիւններից։

«Այն յայտարարութիւնները, որոնք ամէն օր հնչում են Հայաստանի ղեկավարութեան շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թէ ինչ է կատարւում իրականում եւ ինչպէս դա հաշւի առնել մեր գործնական քայլերում»,- օրերս յայտարարեց ՌԴ արտգործնախարարը։

Ի՞նչ կոնկրետ գործողութիւնների մասին է խօսքը, առայժմ չի ասում։ Բայց ցանկացած պարագայում դրանք ցաւոտ են լինելու՝ ինչպէս քաղաքական, այնպէս էլ՝ տնտեսական առումով։

Մեր տնտեսութիւնը, եթէ այսօր դեռ որոշ չափով կարողանում է ջրի երեսին մնալ, հիմքերը գալիս են Ռուսաստանից։ Միայն ներմուծւող էներգակիրների գների հնարաւոր փոփոխութիւնները կարող են գլխիվայր շրջել տնտեսութիւնը։

Նոյնիսկ ռուսական գազի անհամեմատ մատչելի գնի պայմաններում մեր տնտեսութիւնը մի կերպ է կարողանում դիմանալ արտաքին ու ներքին շուկաների մրցակցութեանը։ Դժւար չէ պատկերացնել, թէ ինչ կարող է լինել, եթէ վաղն այդ գինը կրկնապատկւի կամ եռապատկւի։ Թէ՞ իշխանութիւններն արդէն հասցրել են այնքան սերտացնել յարաբերութիւնները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որ կարծում են, ռուսական գազը այլեւս կարող են փոխարինել ադրբեջանականով։

Հայաստանի տնտեսութեան ռիսկերը, որոնք կարող են առաջանալ իշխանութիւնների անպատասխանատու քայլերի հետեւանքով, բազմազան են։ Եւ սա միայն գազին չի վերաբերում։ Վերաբերում է տնտեսութեան բազմաթիւ ճիւղերին, նաեւ էներգետիկ համակարգերին, այդ թւում՝ ատոմակայանին։

Այդ ամէնը խիստ մտահոգիչ է։ Սրացումները, որոնք վերջին շրջանում բաւական բացայայտ տեսնում ենք հայ-ռուսական յարաբերութիւններում, շատ մեծ ռիսկեր են պարունակում՝ ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ՝ զուտ տնտեսական առումով։ Հայաստանի տնտեսութիւնն այս պահին բացարձակ ռեսուրս չունի նման ցնցումներին դիմանալու համար։ Արեւմուտքին դուր գալու ակնկալիքով՝ իշխանութիւնները հերթական արկածախնդրութեանն են գնում։ Նոյնիսկ մտածելն է վտանգաւոր, թէ դա ինչի կարող է յանգեցնել։

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

168.am

Related Articles

Back to top button