«Ի՞նչ ենք ստանալու հսկայական կորուստների դիմաց». Իշխան Սաղաթէլեան
«Այն միակողմանի զիջումները, որի մասին այսօր խօսում են ՀՀ իշխանութիւնները, եթէ գնան այդ ճանապարհով, ինչ կորուստներ ենք ունենալու։ Մեր ամբողջ պաշտպանական համակարգը փլւելու է, մեր ռազմավարական ճանապարհները գտնւելու են թշնամու հսկողութեան տակ, Հայաստան մտնող հիմնական գազատարը գտնւելու է թշնամու հսկողութեան գօտում եւ այդ քայլով ադրբեջանական զինւած ուժերը մօտեցնելու ենք հայկական բնակավայրեր»,-այս մասին Նոյեմբերեանում, բնակիչների հետ հանդիպմանը, յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ նշելով․
«Ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց․ ասում է՝ յոյս կայ, որ կը լինի խաղաղութիւն, տալուց յետոյ հնարաւո՞ր է խաղաղութիւն, ասում է՝ երաշխիք չեմ տայ: Խնդրում եմ ուշադրութիւն դարձրէք, այս նոյն խօսոյթն ինքն օգտագործել է վերջին 3 տարւայ ընթացքում։ Պատերազմից յետոյ Գորիս-Կապան ճանապարհը յանձնեց, Շուռնուխը յանձնեց, դրանից առաջ, 2021 թւականի դեկտեբերին, բանաւոր պայմանաւորւածութեամբ ու հրահանգով զօրքերը 25 կմ յետ կանչեց, արդիւնքում՝ թուրքն այսօր գտնւում է Իշխանասարում:
Ասաց՝ Գեղարքունիքի այդ ձնոտ սարերի համար չպէտք է պայաքարենք, նոյնը՝ Սեւ լճի պարագայում, արդիւնքում, 2022 թւականի սեպտեմբերին, եղաւ պատերազմ եւ ունեցանք 200-ից աւելի զոհ ու թշնամին նստեց մեր ռազմավարական դիրքերում»,-ասել է Իշխան Սաղաթէլեանը:
«Արցախի հարցում․ 2022 թւականի ապրիլին յայտարարեց՝ ժողովուրդ ջան, պէտք է նշաձողը մի փոքր իջեցնենք ․․․ Այսինքն այն թէզը, որ շարունակ ասում են՝ տանք լինի խաղաղութիւն, դրանով պատերազմը մտցնում են մեր տուն։ Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ն պատերազմի ու պարտութեան սիմւոլ են։ Եթէ պատերազմ լինի, այդ պատերազմը բերում է Նիկոլ Փաշինեանը, երբ ասում է՝ այդ գիւղերը հայկական չեն, դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամբ»,-նշել է Իշխան Սաղաթէլեանը:
Յիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները շաբաթ օրն այցելել են Տաւուշ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգութիւնները: